Esem.am-ը գրում է.

 

Ինտերնետային դարաշրջանում ամեն ինչն է փոխվել, անգամ՝ ծանոթությունների ձևերը: Եթե նախկինում հարևան-բարեկամներն էին իրենց ծանոթ աղջիկներին ու տղաներին ծանոթացնում, կամ պատահական հանդիպումներ էին լինում, հիմա ամեն ինչ հաճախ սկսվում է մեկ «լայքից» կամ «քոմենթից»:

 

Փորձենք պարզել, թե մեր օրերում ինչպես են տղաները ծանոթանում աղջիկների հետ, ինչպես են մոտենում նրանց, ինչ քայլեր են ձեռնարկում, կամ աղջիկները ինչպես են վերաբերվում պատահական ծանոթություններին:

 

 

Երիտասարդների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ թե՛ աղջիկները, թե՛ տղաները, մեծ մասամբ, բացասաբար չեն վերաբերվում ինտերնետային ծանթություններին. ավելին՝ տղաները ծայրահեղ դեպքում կմոտենան դրսում հավանած աղջկան, իսկ աղջիկներն էլ պնդում են, որ փողոցում իրենց մոտեցած տղաները շանս գրեթե չունեն:

 

25-ամյա Հայկը մասնագիտությամբ լրագրող է: Դրսում աղջկան մոտենում է միայն այն դեպքում, երբ գլխում զրույցի համար օրիգինալ միտք է ծնվում.

 

 «Երբեք հասարակ «Դուք իմ դուրը եկել եք, կարո՞ղ ենք ծանոթանալ» հարցով չեմ մոտեցել։ Շատ կարևոր եմ համարում, որ աղջկան հետաքրքրեմ ոչ ստանդարտ մոտեցմամբ»:

 

Ինտերնետային ծանոթություններին երիտասարարդները նորմալ են վերաբերվում: Պատճա՞ռը: Այսօր իրական կյանքն էլ, ասես, ապրում ենք ինտերնետի համար:

 

Ինտերնետային ծանոթությունների առավելություններից մեկն, ըստ 23-ամյա Կոլյայի, այն է, որ դրսում բոլորին չես կարող մոտենալ, իսկ այ գրել կարող ես: Բացի այդ.

 

«Մարդ կա սկզբում ամաչում է, ինտերնետով ավելի հեշտ է շփում սկսելը: Ինտերնետով կարող ես 5 տարի ամեն օր գրել, մինչև հոգնի, պատասխանի: Բայց ամեն օր մոտենաս, չխոսի, դու կհոգնես»:

 

Հայկական իրականության մեջ հաճախ մոտենալու կարիքն էլ չի լինում. տեսա՞ր, հավանեցի՞ր, դիմիր ընկերներիդ կամ Facebook-ում ստեղծված տարատեսակ խմբերի օգնությանը, որտեղ օգտատերերը ջանք չեն խնայում փնտրվող աղջկան գտնելու և որևէ կերպ օգտակար լինելու համար:

 

Գյումրեցի 20-ամյա Սամվելը դրսում երբեք չի մոտենում աղջիկներին.

 

«Եթե դուրս գալիս է, ուղղակի երկար նայում եմ ու վերջ, իսկ եթե շատ է դուրս գալիս ու մեր քաղաքից է, հետաքրքրվում եմ, հետո փորձում հանդիպում կազմակերպել ու պատմել նպատակներիս մասին»:

 

 Մեր հարցմանը պատասխանած տղաների 40 տոկոսն ունեցել է ինտերնետային ծանոթություն, որը շարունակվել է իրական կյանքում՝ վերածվելով լուրջ հարաբերությունների:

 

Հարցմանը մասնակցած աղջիկներից շատերը կարծում են, որ տղաները դրսում մոտենալով իրենց անհարմար վիճակի մեջ են գցում, իսկ ինտերնետի միջոցով շփում ստեղծողներին միշտ չէ, որ կարելի է լուրջ վերաբերվել.

 

«Ինտերնետային ծանոթություններում ռիսկի գործոնը, որ այն մարդու հետ չես ծանոթանում, ինչ նա ներկայանում է, 50 տոկոս է: Չգիտեմ, պետք է փորձել»,- ասում է 22-ամյա Արփինեն:

 

Մասնագիտությամբ  բանասեր 22-ամյա Հռիփսիմեն կարծում է, որ պատահական ծանոթություններից զատ այլ ձև էլ գոյություն ունի և ինքը հենց դրա կողմնակիցն է.

 

«Ես չեմ ընդունում փողոցում պատահական մոտենալ-ծանոթանալը, չեմ ընդունում նաև, որ հարևան-բարեկամներն են փորձում ծանոթացնել: Ի վերջո, բոլորս էլ մեր կյանքի ընթացքում ինչ-որ կերպ շրջապատ ենք ստեղծում: Կարելի է հենց այդ շրջապատից էլ ընտրել կյանքի ընկերոջը: Իմ դեպքում փողոցում ինձ մոտեցող տղան շատ ավելի քիչ շանսեր ունի»:

 

Վերջիվերջո կարևոր չէ, թե ինչպես և ինչ պայմաններում են ծանոթանում մարդիկ, կարևորը շփման հետագա ընթացքն է, որը կախված միայն մեզնից: Սակայն մի բան հաստատ է՝ կարևոր չէ՝ քայլն արվում է իրակա՞ն, թե՞ վիրտուալ տիրույթում, կարևորն այն է, որ դիմացինն առաջին հայացքից դուր գա:


Ներկայացրեց Ստելլա Բաբլոյան