Երազ և իրականություն. Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում երեկ պրեմիերա էր. Գաբրիել Գասիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» պատմվածքը ներկայացնում էին Ֆրիդա Յորքն ու Ավո Խալաթյանը:
Պատմվածքի մշակումն ու բեմադրումն արել էր Ֆրիդա Յորքը, ով Մարկեսի մեծ սիրահար է: «Այս ստեղծագործությունը երկար ժամանակ հետապնդում էր ինձ: Կարծում եմ՝ շատ լավ տարբերակ էր պլաստիկան և խոսքը միավորելու համար. կար 2 աշխարհ՝ երազ և իրականություն»,- ESem.am-ին ասաց Ֆրիդան՝ հավելելով, որ ռեժիսոր լինելու բարդությունն այն էր, որ որպես դերասան՝ ինքը ցանկանում էր գնահատական ստանալ կողքից:
Նա նշեց, որ այդ առումով օգնության էր հասնում խաղընկերը՝ Ավո Խալաթյանը: «Երբ աշխատում ես նման պրոֆեսիոնալ դերասանի հետ, երջանկություն է, որովհետև նա կես խոսքից կարող է հասկանալ, կատարել ցանկացած խնդիր և առաջարկել իր տարբերակները, ինչն այսօր պակասում է մեր դերասանների մոտ»,- նկատեց դերասանուհին:
Ֆրիդայի խոսքով՝ երկար ժամանակ փնտրում էր խաղընկերոջ, ով կկարողանա ներկայացնել թե՛ պլաստիկ, թե՛ դրամատիկ տեսարանները: «Շատ պատահական զրույցի ընթացքում առաջարկեցի Ավոյին: Հանդիպեցինք, զրույցեցինք ու այդ ժամանակ ինձ համար արդեն պարզ էր, որ գտել եմ խաղընկերոջ: Ստեղծագործությունն անմիջապես գերեց նրան, և ես նրա աչքերից հասկացա, որ դա նրան հետաքրքիր է և պետք»,- ընդգծեց Ֆրիդան, ով նաև ներկայացման պարային գեղեցիկ լուծումերի հեղինակն է: Նա առաջին մասնագիտությամբ պարուհի է: «Որպես ռեժիսոր՝ խնդիր չեմ ունեցել, քանի որ գալիս էի աշխատելու՝ հստակ իմաալով ինչ եմ ուզում: Նկարչական ձևավեոևրումից մինչև երաժշտական և պարային լուծումներն իմն են»,- հայտնեց դերասանուհին:
Ավո Խալաթյանն էլ ESem.am-ի հետ զրույցում ասաց, թեև ինքը Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան է, դրամատիկ ժանրն իրեն հարազատ է: «Խաղընկորջս և հեղինակի ՝ Ֆրիդայի մտածողությունն ու լուծումները Մարկեսին զուգահեռ, շատ համահունչ ու գեղեցիկ էին: Ուշ աշունը և խոսքը մեկ էին դարձել,- ասաց դերասանն ու հավելեց,- Այն, ինչ խոսվում էր ռեժիսորի կողմից, ընդունելի էր ինձ համար: Դիալոգների հետ կապված փոքրիկ քննարկումներ եղել են, բայց շարժման հետ կապված ամեն բան՝ որպես աշակերտ ուշի ուշով լսել եմ ընկեր Ֆրիդային:)»:
Դերասանը նկատեց, որ պարային լուծումները հեշտ չէին, բայց հաղթահարելով դժվարությունները՝ հասել են արդյունքի:
Պրեմիրային ներկա էին Նունե Եսայանը, Սարգիս և Մանո Գրիգորյանները, Ելենա Արշակյանը, թատերական գործիչներ և թատերասերներ:
Ներկայացրեց ԱմալյաՀովհաննիսյանը