Հունիսի 14-ին լրացել է դերասաններ Սարգիս և Մանո Գրիգորյանների ամուսնության 6 տարին: ESem.am-ի հետ զրույցում Մանոն ասաց, որ իրենց միության տարեդարձը հատուկ նշել են միայն 1 ամյակին, իսկ այս անգամ զույգի տոնը համատեղվել է իրենց կազմակերպած հարսանիքի հետ:
«Այդ օրը գործեր ունեինք. մի հարսանիք էինք կազմակերպել, որը հենց հունիսի 14-ին էր և որոշեցինք 13-ի երեկոյան նշել մեր օրը,- ասաց Մանոն ու հավելեց, որ այդ երեկո ֆուտբոլ կար, ընկերների հետ գնացել են ֆուտբոլ դիտելու: -Հիշեցինք, թե որտեղից ուր ենք հասել, պատմեցինք` ինչն ինչպես է եղել: Հետաքրքիր, հաճելի երեկո ունեցանք»: Դերասանուհին հայտնեց նաև, որ այդ օրը բավականին շատ քայլել են. մի բան, որ վերջին շրջանում հազվադեպ են անում` զբաղվածության պատճառով:
«Արդեն ամսի 14-ին հարսանիքի տեղում նշեցինք նաև մեր հարսանիքի օրը: Ի սրտե կազմակերպեցինք իրենց հարսանիքն ու ասացինք` մեր լավ տարոսը` ձեզ»,- ասաց պարուհի-դերասանուհին:
Ըստ Մանոյի` ընտանեկան կյանքում ամենակարևոր բանը փոխզիջումն է: Դերասանուհին, որպես ամուսնու բնավորության ամենալավ կողմ, նշեց իրեն շատ սիրելը:) «Իր մոտ դրանից շատ բան է կախված, նրա բնավորությունն էլ է փոխվում, գործնական շատ հարցեր էլ են փոխվում: Ես Սարգսի պահապան հրեշտակն եմ, նա գիտի դա, ու եթե Աստված չանի, մի օր նեղացրեց ինձ կամ նեղացած դուրս եկավ տանից, իր մոտ ամեն ինչ վատ է լինում:)»,- ասաց դերասանի կինը, ով Սարգսի բնավորության ամենավատ, միաժամանակ, ամենալավ գիծը համարում է ծայրահեղական լինելը: «Նա և՛ լավի մեջ է ծայրահեղ, և՛ վատի: Սակայն նրա ծայրահեղ վատը` այն, որ, լինելով ծայրահեղ էմոցիոնալ, կարող է նեղացնել, իմ կողքին չի արտահայտվում»,- հպարտությամբ ասաց Մանոն և հավելեց, որ ինքն էությամբ շատ հանդարտ է և չի նյարդայնացնում ամուսնուն:
«Վեճեր հաճախ չենք ունենում: Ես Սարգսին շատ լավ եմ ճանաչում և անգիր գիտեմ` որ բառից հետո ինչ կարող է լինել իր հետ: Աշխատում եմ սուր անկյուններ չստեղծել: Նա էլ շատ թեթև մարդ է և, եթե անգամ կռվենք, դա շատ չի խորանում»,- ավելացրեց Մանոն:
Դերասանուհու փոխանցմամբ` իրենք երջանիկ զույգ են. «Երջանկությունը խաղաղություն է: Դու կարող է սիրես, բայց հանգիստ չլինես, իսկ երբ սիրում ես, սիրված, միաժամանակ, քեզ հանգիստ ու ներդաշնակ ես զգում, դա արդեն մեծ երջանկություն է»:
Զույգին երջանկություն մաղթեց Ամալյա Հովհաննիսյանը