Երգչուհի Աննա Դովլաթյանը տևական լռությունից հետո նորություններ ունի: ESem.am-ի հետ զրույցում նա պատմեց նոր համագործակցության, այլ մասնագիտություն սովորելու և վերջապես հայերեն երգեր կատարելու մասին:) Աննան զուգերգ է կատարել երգիչ Մարտ Բաբայանի հետ:
«Մոտ մեկ տարի առաջ մեկնել էի Մոսկվա՝ ընտանիքիս մոտ, այդ ընթացքում առաջարկ ստացա զուգերգով ներկայանալ Մարտի հետ,- ասաց երգչուհին, ով սիրով համաձայնել է: -Մեր տեմբրները շատ համապատասխան են: Մարկը շատ տաղանդավոր է»:
Մարտն ու Աննան որոշել են տեսահոլովակ նկարահանել երգի հիման վրա և փետրվարի 14-ին՝ Վալենտինի օրը, ներկայացնել իրենց լսարանին: Աննան հայտնեց, որ տեսահոլովակը նկարահանել են Մոսկվայում՝ տաղավարային պայմաններում, ռեժիսորը Սերժ Գաբյանն է: Նրա խոսքով՝ սյուժետային գիծ, որպես այդպիսին, չկա:
«Երկու սիրտ» կոչվող երգը լիրիկական է, երաժշտությունը գրել է Մարտը, խոսքերը՝ Օլգա Կուլանինան: «Կարծում եմ՝ այնպիսի երգ է, որի մեջ ամեն մարդ կարող է գտնել իրեն: Սիրային, թեթև երգ է, այդ իսկ պատճառով պրեմիերան կլինի փետրվարի 14-ին»,- նշեց երգչուհին, ում խոսքով՝ ինքն ու Մարտը վաղուց են ճանաչել միմյանց, սակայն առաջին անգամ են համագործակցում:
Աննան այնքան էլ հաճախ չի ներկայանում նորություններով, ինչի վերաբերյալ իր բացատրությունն ունի. «Չեմ սիրում շատ երևալ և հոգնեցնել ինձանով: Նախընտրում եմ ուշ-ուշ ներկայանալ, բայց ասելիք ունենալ»:
Երգչուհու խոսքով՝ շուտով կներկայացնի նաև հայերեն երգեր: «Կարծում եմ՝ եթե հայ ես, պետք է հայերեն երգես, ուղղակի իմ կրթությունը ռուսական է և ինձ համար մի փոքր դժվար է հայերեն ստեղծագործելը: Այս դեպքում կվստահեմ այլ հեղինակների»,- ասաց Աննան, ով հիմնականում անգլերեն է ստեղծագործում: Նրա փոխանցմամբ՝ Մոսկվայում եղած ժամանակ մի շարք նոր երգեր են ծնվել:
Վերջերս Աննան մասնակցում էր «Պարահանդես» նախագծին, որում հասավ մինչև 7-րդ գալա համերգ: «Ինձ համար դա մի փոքր անսպասելի էր, քանի որ այդքան էլ կապ չունեմ պարի հետ, բայց շատ հետաքրքիր»,- ասաց երգչուհին, ում զույգը պարող Հարութն էր:
Երգչուհին սոցցանցային իր էջերում հաճախ է տեղադրում լուսանկարներ, որոնք մակագրում է՝ «Make-up by Me»: Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նոր մասնագիտություն է ձեռք բերել: Ըստ Աննայի՝ դիմահադարումը միշտ էլ հոբբի է եղել իր համար և որոշել է սովորել: «Հիմա, երբ ժամանակը ներում է, ավելի խորացված եմ զբաղվում դիմահարդարմամբ, բայց երգին զուգահեռ: Այժմ իմ մտերիմ մարդկանց եմ դիմահարդարում: Հետագայում գուցե որոշեմ ավելի խորանալ այդ մասնագիտության մեջ և իմ սրահն ունենամ, առաջ Աստված»,- ասաց երգչուհին:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը