Արդեն 3 ամիս է, ինչ հաղորդավարուհի Մարինա Գրեգը դուրս է եկել 21TV-ից: ESem.am-ի հետ զրույցում Մարինան խոսեց հեռուստաընկերությունից հեռանալու պատճառների և նոր աշխատանքի մասին:
Նրա խոսքով՝ 21TV-ից դուրս է եկել աշխատանքային ոճերի տարբերության պատճառով: «Իմ պատկերացումները չէին համընկնում որոշ մասնագետների պատկերացումների հետ,- ասաց նա և հավելեց, որ պատկերացումների այդ տարբերությունը անակնկալ է եղել իր համար: -Ես սիրում եմ, երբ ամեն ինչին լուրջ են վերաբերում, ամեն ինչ հստակ է լինում: Վերջին ամսում ես չնկատեցի այդ հստակությունը, ինչի համար էլ որոշեցի դադարեցնել համագործակցությունը»:
Հաղորդավարուհին 21TV-ում աշխատել է 6 տարի: Մեր հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ 6 տարի անց ի հայտ եկավ աշխատանքային ոճերի տարբերությունը, արդյոք թիմում փոփոխություննե՞ր են եղել, նա պատասխանեց, որ այո, թիմում փոփոխություն կար: «Մասնագետներից մեկը` գլխավոր ռեժիսորը, ով ազգությամբ ռուս էր, կապ ուներ մեր նախագծի հետ: Քանի որ նա չէր կարող չաշխատել այդ նախագծի վրա, որոշեցի ինքս հրաժարվեմ: Իմ նախկին թիմի հետ ոչ մի խնդիր չի եղել»,- ասաց Մարինան: Ըստ նրա՝ տարիների համագործակցության ընթացքում հասցրել է ցույց տալ, որ ինքը կոնֆլիկտային մարդ չէ:
«Ես իհարկե շատ եմ ափսոսում, քանի որ երբ 6 տարի մի տեղ աշխատում ես, բոլորը դառնում են ընտանիքիդ մի մասը: Կարծում եմ՝ նույն ափսոսանքն էլ իրենք են զգում, որովհետև այս տարիների ընթացքում ինչքան 21TV-ն է ինձ տվել, այնքան էլ ես եմ տվել 21TV-ին»,- նկատեց նա ու հավելեց, որ մեկը մյուսի հանդեպ չարացած չեն: Ըստ հաղորդավարուհու՝ ինքն առանց կոնֆլիկտի է դուրս եկել 21 TV-ից:
«Կարծում էի՝ հանգիստս ավելի երկար կտևի, ծրագրում էի մեկնել Վիեննա՝ մայրիկիս մոտ, բայց ժամանակը ցույց տվեց, որ պետք է մնայի. առաջարկ ստացա Արմնուզից, որը փոխելու է ձևաչափը և կարծում եմ՝ շատ հետաքրքիր է լինելու»:
Մարինայի խոսքով՝ ներկայանալու է մի քանի նախագծով: Նոր նախագծերի մանրամասները բացահայտել հաղորդավարուհին չցանկացավ, միայն նշեց, որ եթեր կվերադառնա մարտին: «Ոճային նոր էլեմենտներ կլինեն, սակայն հեռուստադիտողը կրկին խենթ վիճակներում կտեսնի ինձ:) Կարծում եմ՝ նորություններ անպայման կլինեն»,- եզրափակեց նա:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը