Երգիչ Դավիթ Թուջարյանի հայր դառնալու մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Երգչի աղջիկը ծնվել է Մոսկվայում, սակայն  երեխայի մեկ ամսականը լրանալուց հետո նրանք վերադարձել են Հայաստան և այստեղ էլ դիմավորելու են Ամանորը: Հայաստան վերադառնալուց հետո Դավիթը ոչ միայն պատմեց փոքրիկի մասին, այլև առաջինը ESem.am-ին տրամադրեց աղջկա` Գայանեի առաջին լուսանկարները:

 

 

Դավթի փոխանցմամբ` փոքրիկ Գայանեն Հայաստանում իրեն շատ լավ, ընտիր է զգում և նույնիսկ խոսելու փորձեր է անում: «Երբ արթուն է լինում, նրա համար հոգևոր երգեր ենք միացնում. այդ հարցով ավելի շատ կինս` Սվետան է զբաղվում,-ասաց երգիչը և շարունակեց,- նաև երբ արթուն է լինում, բոլորը ցանկանում են տեսնել նրան, ինչի պատճառով էլ պահի տակ հերթ է գոյանում: Իհարկե,  ես առանց հերթի եմ կարողանում օգտվել նրան սիրելու հաճույքից»:

 

 

Երգչից տեղեկացանք նաև, որ ամեն ամիս նշում են փոքրիկի ծնունդը. տորթ են պատրաստում ու լուսանկարվում: «Ուրախանում ենք ու փառք տալիս Աստծուն, որ այս հրաշք բալիկին ունենք»,-նշեց նա: Դավիթը փոքրիկին Սվետային է նմանեցնում, իսկ կինը` հակառակը` հայրիկին: «Բայց ամեն դեպքում Սվետային է նման:)»,-համոզված է երգիչը:

Անդրադառնալով Ամանորին` Դավիթը նշեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի էլ տանը չի լինի, քանի որ պետք է ժողովրդին ուրախացնի, իսկ կինն ու փոքրիկը եղբոր ընտանիքի հետ կդիմավորեն Նոր տարին:

 

 

Ամփոփելով անցնող տարին` երգիչն ասաց, որ բացի ընտանիք կազմելուց ու բալիկ ունենալուց, 2014-ը ոչնչով աչքի չի ընկել. գործնական առումով՝ տարին պասիվ էր: «Ընտանիք կազմելու վրա էի կենտրոնացած»,-ասաց նա և նկատեց, որ ոչինչ նախապես չի ծրագրում: «Հորոսկոպին չեմ հավատում, ընդունում եմ իսկականը, այսինքն` Աստծուն: Կարծում եմ՝ հայ քրիստոնյա մարդը չպետք է ընդունի ու հավատա նման բաների»,-շեշտեց նա:

Խոսելով 2015-ի սպասումների մասին, Դավիթը նշեց, որ պետք է միշտ սեր լինի, մարդիկ առաջին հերթին սիրեն իրենց ստեղծողին` Աստծուն, ու սիրով լցվեն: «Պետք է առաջնորդվել սիրով, հավատքով, ինչը մեզ շատ է պետք. դա կպահի մեզ ու խաղաղություն կբերի, իսկ նյութականը, բնականաբար, լինելու է. երկնային բաների մասին պետք է մտածել, իսկ հացը, հագուստն ու աշխատանքը կա»,-եզրափակեց Դավիթը:


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը