ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
Հոբելյանական երեկոյին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Գյումրու «Տիրամայր» երգչախումբը՝ Ռ. Մլքեյանի ղեկավարությամբ:
Ծրագրում կհնչեն Ռոբերտ Ամիրխանյանի «Պոետի կյանքը» օրատորիան՝ նվիրված Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին /համաշխարհային պրեմիերա/, խմբերգերի շարք և մեներգերի ընտրանի: Որպես մենակատարներ հանդես կգան Մոնիկա Մանուչարովան, Մերի Մնջոյանը, Աննա Ավդալյանը, Ծովինար Գևորգյանը, Մելինե Գալոյանը:
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը ծնվել է 1939թ. Երևանում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Էդվարդ Միրզոյանի դասարանում։ 1969թ-ից դասավանդում է կոնսերվատորիայում ։ 1984թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 1986թ.` ժողովրդական արտիստի կոչմանը։ 1991-2013թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը։ Հեղինակել է ավելի քան 300 երգեր, վոկալ շարքեր, օպերետներ, երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար: 2012թ. «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: