«Եռաչափ սեր» սերիալից հայտնի դարձած Լիա Զախարյանին Esem.am-ն անդրադառնալու առիթներ ունեցել է: Այսօր Լիան նշում է ծննդյան տարեդարձը. նա բոլորում է 21 տարին: Սերիալային դերասանուհին առաջինը մեզ պատմեց ծննդյան անակնկալների ու հոր կողմից ստացած շնորհավորանքի մասին:

Լիան նախ պատմեց, թե ինչպես է գիշերը 23:00-ից սկած տարվել պիեսի ընթերցանությամբ և նույնիսկ չի էլ նկատել, որ կեսգիշեր է: «Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսն էի կլանված կարդում. մեկ էլ տան լույսերն անջատվեցին և իմ սենյակ մտավ մայրս' գեղեցիկ տորթով: Դրա վրա երեք մոմ կար, քանի որ միշտ երեք ցանկություն եմ ունենում,-ասաց Լիան և մանրամասնեց,-աղոթելիս կամ երազանք պահելիս' երեք բանի մասին եմ մտածում' անձնական և կանացի երջանկության, գործնական հաջողության և ընտանեկան համերաշխության»:

Մոր կողմից ստացած անակնկալից հետո Լիան ընկերների ու հարազատների կողմից շնորհավորանքներ է ստացել: Իսկ ամենաշատը նրան տպավորել է առավոտյան հորից ստացած զանգը: «21 տարիների ընթացքում հայրս առաջին անգամ էր ինձ շնորհավորում: Նա ինձ հրավիրեց իրենց տուն և դեռ չգիտեմ, թե ինչ անակնկալ է ինձ սպասվում»,-նշեց Լիան, ում համար օրը ոչ միայն տոնական է, այլև' ուսումնական: Նա առավոտյան դասի է եղել ԳԱԱ-ում, այնուհետև «ուղևորվել» դերասանական դասընթացների:

Լիայի փոխանցմամբ' օրվա ընթացքում մեկ այլ անակնկալ էլ է ունեցել: «Գիտեի, որ օրվա ընթացքում գործնական անակնկալ-նորություն եմ ունենալու: Ինձ զանգահարեցին և ասացին, որ երկու օրից պետք է գնամ Մհեր Մկրտչյանի անվան թատրոն' նոր ներկայացման մեջ դեր ստանալու համար»,-մեծ ուրախությամբ պատմեց հոբելյարը:

Ըստ դերասանուհու' այս տարի որոշել է ծննդյան տոնն այլ կերպ կազմակերպել ու դուրս գալ ռեստորանային ստանդարտներից: «Ծննդյանս օրը ընկերներիս հետ կնշենք շաբաթ-կիրակի օրերին: Ցանկանում եմ նրանց հետ ճամփորդության գնալ Տաթև, Գորիս և Շաքեի ջրվեժ: Ինձ հետ կլինեն իմ ընկերուհիներից Արմինե Գաբրիելյանը, Լիանա Հարությունյանը. հավանաբար նաև Լևս Դավթյանը («Եռաչափ սեր» սերիալում Գառնիկի դերակատարը, հեղ.)»,-ավելացրեց Լիան:

Մինչ այդ, այսօր Լիան պատրաստվում է հյուրընկալվել հայրիկին, տեսնել քրոջը, այնուհետև ծննդայն տոնը նշել իրենց տանը' ընտանիքի հետ:
ESem.am-ը շնորհավորում է Լիային և երազանքների իրականացում ցանկանում:

 

Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը