ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Սասուն Պասկևիչյանի ծննդյան 75-ամյա հոբելյանին նվիրված երեկո:  Միջոցառմանը կմասնակցեն հանրապետության ճանաչված երգիչ-երգչուհիներ, ասմունքի վարպետներ և ստեղծագործական խմբեր: Երեկոյի ընթացքում կհնչեն և կընթերցվեն Ս. Պասկևիչյանի հեղինակած երգերն ու բանաստեղծություննրը, այդ թվում նաև նոր ստեղծագործությունները: Երեկոյի բեմադրիչն է Արամ Սուքիասյանը:


Կոմպոզիտոր, բանաստեղծ, լրագրող Սասուն Պասկևիչյանը ծնվել է 1939թ. Երևանում: Ավարտել է Երևանի Աղայանի անվան թիվ 63 միջնակարգ դպրոցը: 1957-62թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում: 1977-80թթ աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում` որպես էստրադային սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն:


1958թ-ից սկսել է ստեղծագործել` հեղինակելով բազմաթիվ երգեր: Մինչև 1980թ., Երևանի ռադիոյում ձայնագրվել են նրա 40 երգերը, որոնք կատարել են ժամանակի լավագույն երգիչները: Մինչև 1988թ. զբաղվել է լրագրությամբ: Լոս Անջելեսում հի մնադրել է «Հայաստան» հեռուստատեսությունը և մշակութային կենտրոնը: Համագործակցել է Հայկական միացյալ ֆոնդի և Հայաստան համահայկական հիմնադրամի հետ: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների, այդ թվում՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: