Շառլ Ազնավուրի երկրպագուներն այսօրվանից հնարավորություն ունեն ձեռք բերել երգի լեգենդի ստեղծագործություններն ամփոփող անթոլոգիան:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով երգչի պաշտոնական՝charlesaznavour.com կայքը, 60 CD ներառող անթոլոգիան թողարկվել է նոյեմբերի 17-ին: Այն հնարավոր է եղել նաև նախապես պատվիրել համացանցի միջոցով: Անթոլոգիան լույս է տեսել սահմանափակ քանակով՝ 10 հազար օրինակով, որից ութ հազարը վաճառքի է հանվել Ֆրանսիայում:
Անթոլոգիան ներառում է Ազնավուրի 45 բնօրինակ ձայնասկավառակները, ինչպես նաև 15 բացառիկ ձայնասկավառակ, որոնք ներառում են տարբեր գործերի չթողարկված տարբերակներ և զուգերգեր, որոնք հայտնվել են այլ անվանի արտիստների անհատական ձայնասկավառակներում: Անթոլոգիան ներառում է մի քանի հարյուր երգ, ինչպես նաև 96-էջանոց գրքույկ, որը գրել է Բերթրան Դիքալը: Այն նկարազարդ է և թարգմանված` նաև անգլերեն:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգահան, կինոդերասան, բանաստեղծ և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ:
2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Այս տարի լրացավ անվանի գործչի 90-ամյակը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կազմակերպվում են տոնական միջոց առումներ: Տարբեր երաժիշտներ շնորհավորում են լեգենդին` հոբելյանի կապակցությամբ: Լեգենդար երգիչն այս տարի համերգներ ունի աշխարհի մի շարք երկրներում, ելույթ է ունեցել նաև Հայաստանում: