Ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի երկրպագուները հնարավորություն կստանան ձեռք բերել երգի լեգենդի ստեղծագործություններն ամփոփող անթոլոգիան:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 60 CD ներառող անթոլոգիան լույս կտեսնի նոյեմբերի 17-ին, սակայն այն հնարավոր է նախապես պատվիրել համացանցի միջոցով: Այն լույս է տեսնում սահմանափակ քանակով՝ 10 հազար օրինակով, որից ութ հազարը կվաճառվի Ֆրանսիայում: 

 

Անթոլոգիան ներառում է Ազնավուրի 45 օրիգինալ ձայնասկավառակները, ինչպես նաև 15 բացառիկ ձայնասկավառակ: վերջինները ներառում են տարբեր գործերի չթողարկված տարբերակներ և զուգերգեր, որոնք հայտնվել են այլ անվանի արտիստների անհատական ձայնասկավառակներում:

 

 

 

Անթոլոգիան ներառում է մի քանի հարյուր երգ, ինչպես նաև 96-էջանոց գրքույկ, որը գրել է Բերթրան Դիքալը:

 

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: 


Այս տարի լրացավ անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կազմակերպվում են տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ շնորհավորում են լեգենդին` հոբելյանի կապակցությամբ: Լեգենդար երգիչն համերգներ ունի աշխարհի մի շարք երկրներում: Այս տարի ելույթ է ունեցել նաև Հայաստանում: