Yeezy ապրանքանիշը, որը պատկանում է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթին, հրապարակել է ԱՄՆ-ի խոշորագույն Gap ապրանքանշանի հետ կապված կոլաբորացիայի թիզերը: Twitter-ում հայտնվել է նաեւ երկու ընկերությունների համատեղ լոգոտիպը։

Gap-ի հետ համագործակցությունը թույլ կտա Yeezy-ին ավելի դեմոկրատիկ դարձնել. նշվում է, որ մոդելի միջին գինը 100 դոլարից ցածր կլինի: Gap-ն, իր հերթին, վաճառքի բարելավման հնարավորություն կունենա։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Gap-ի եկամուտներն առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ նվազել են 43 տոկոսով: Ընկերությունը ստիպված է եղել ամբողջ աշխարհում փակել 3000 կետ եւ մոտ 80 հազար աշխատակիցների տեղափոխել չվճարվող արձակուրդ, ինչպես նաեւ չեղյալ հայտարարել հագուստի ամառային եւ աշնանային մատակարարումները մարտին եւ ապրիլին:

Բացի այդ, երկու խոշոր առեւտրային կենտրոնների սեփականատերեր դատի են տվել Gap-ին՝ տարածքի համար չվճարված վարձակալության համար: Սակայն փորձագետները նշում են, որ Gap-ի ֆինանսական խնդիրները սկսվել են պանդեմիայից շատ ավելի առաջ։ Դրան հանգեցրել է նաեւ այն, որ ընկերությունը միշտ շեշտը դրել է առեւտրային կենտրոնների հետ աշխատանքի վրա եւ չի զարգացրել առցանց վաճառքը։