Esem.am-ը գրում է.

 

Արդեն 3 օր է, ինչ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը՝ Բոբի Քրիստինա Բրաունը, հիվանդանոցում է՝ ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները Քրստինային արհեստական կոմայի մեջ են «գցել», աղջկա մոտ գլխուղեղի այտուցներ են նկատվել։

 

 

NTV.ru-ն հայտնում է, որ հարազատների խոսքով՝ 21-ամյա Քրիստինան պայքարում է իր կյանքի համար, բարեկամները նրա կողքին են: Միջազգային մամուլը հեղեղված է տեղեկությամբ, որ նրա հորը՝ Բոբի Բրաունին և ամուսնուն՝ Նիք Գորդոնին, տեղեկացրել են, որ որքան երկար Քրիստինան մնա կոմայի մեջ, այդքան կծանրանա նրա վիճակը: Ըստ այդմ՝ աղջկա հարազատները պետք  է պատրաստ լինեն ամեն ինչի, քանի որ նրա՝ ուշքի գալու փրկվելու հույսն օրեցօր նվազում է:

 

 

CNN–ի փոխանցմամբ՝ բժիշկներն այժմ չեն կարող գնահատել՝ աղջկա ուղեղը վնասվե՞լ է, թե՞ ոչ, պաշտոնական հաղորդագրություն տալ հիվանդանոցում հրաժարվում են:

Նշենք, որ Բոբի Քրիստինան Ուիթնի Հյուսթոնի միակ դուստրն է և նրա ամբողջ ունեցվածքի ժառանգորդը: Նրան իր առանձնատանն անգիտակից վիճակում գտել է ամուսինը: Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն, սակայն ոստիկանությունից հայտնել են, որ առանձնատանը թմրանյութեր չեն հայտնաբերվել:

 


Պատրաստեց Ամալյա Հովհաննիսյանը