Քեմբրիջի դքսուհի Քեյթը հոկտեմբերի 21-ին առաջին անգամ հանրությանն է ներկայացել հղիության մասին հայտարարությունից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթը՝ Ալեքսանդր Մաքքուինի կարած մոխրագույն զգեստով, մասնակցել են Սինգապուրի նախագահ Թոնի Թանի դիմավորման արարողությանը, որը Մեծ Բրիտանիա է ժամանել պետական այցով:    

 

Դուքսը եւ դքսուհին Սինգապուրի ղեկավարին դիմավորել են Royal Garden Hotel հյուրանոցում, ինչից հետո մեքենայով նրան ուղեկցել են մինչև հեծյալ գվարդիայի շքերթի հրապարակ, որտեղ պետք է կայանա Թանի հանդիպումը Եղիսաբեթ Երկրորդ թագուհու և նրա ամուսնու՝ Էդինբուրգի դուքսի հետ:

 

Նախօրյակին Ուիլյամը և Քեյթը հայտարարել են, որ իրենց երկրորդ երեխան լույս աշխարհի կգա ապրիլին: Դքսուհին տառապում է ուժեղ տոքսիկոզից, սակայն նրա մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Քեյթի վիճակն աստիճանաբար լավանում է: Տոքսիկոզն արքայազն Ուիլյամի տիկնոջը հարկադրեց ոչ միայն մեկը մյուսի հետևից չեղարկել պաշտոնական միջոցառումները, այլև իր հղիության մասին հայտարարել սեպտեմբերի սկզբին, ավելի շուտ, քան ընդունված Է, այլապես նրա բացակայությունն ավելորդ հարցերի տեղիք կտար: Այժմ, երբ դքսուհին հաղթահարել է 12 շաբաթվա կարեւոր նշագիծը, նա, ամենայն հավանականությամբ, կվերադառնա ակտիվ հանրային կյանքին:  

 

Քեմբրիջի դուքսի և դքսուհու առաջնեկը՝ գահաժառանգ արքայազն Ջորջը, ծնվել է անցյալ տարվա հուլիսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: