Հայ մանուկները շուտով հնարավորություն կունենան դիտելու հայկական նոր մուլտֆիլմ:) Շարմ հոլդինգը կներկայացնի Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի անիմացիոն էկրանավորումը:
Լիամետրաժ մուլտֆիլմի ռեժիսորներն են Դավիթ Սահակյանցն ու Լյուլյա Սահակյանցը: Սցենարի հեղինակներն են՝ Նաիրա Սահակյանցը, Լյուլյա Սահակյանցն ու Դավիթ Սահակյանցը, երկխոսությունների հեղինակներն են Վահրամ Սահակյանն ու Լևոն Գալստյանը: Մուլտֆիլմի բեմադրող նկարիչն Էռնեստ Մուրադյանն է, իսկ կոմպոզիտորներն են Արմեն Մարտիրոսյանը և Վարդան Զադոյանը:
«Մենք պահպանել ենք հեքիաթի հիմնական լեյտմոտիվը` համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում: Ի վերջո արքան միայն այն մարդը չէ, ով թագավորում է, նա այն մարդն է, ով արարել ու կառուցել գիտի: Ու նաև սիրել»,- ասաց մուլտֆիլմի ռեժիսոր Դավիթ Սահակյանցը:
Նախագծի հեղինակները նշում են, որ հայկական առաջին լիամետրաժ հեքիաթի երաժշտական էկրանավորումը նախամանորյա նվեր կլինի թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար: Մուլտֆիլմը նկարահանվել է անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան և որակական նոր հարթություն է բերելու հայկական մուլտարտադրություն:
«Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Հրանտ Թոխատյանը, Շուշան Պետրոսյանը, Վարդան Զադոյանը: Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը և «Ակունք» ազգագրական համույթը:
Մուլտֆիլմն այժմ գտնվում է հետարտադրական փուլում: Շարմ ընկերությունից տեղեկացնում են, որ օրեր առաջ կայացել է ֆիլմի նախադիտումը, որին ներկա եղել ստեղծագործական անձնակազմը: Ըստ նրանց՝ «Դիսնեյ»-ի չափանիշներին համապատասխանող «Անահիտ» մուլտֆիլմը երևանյան պրեմիերայից հետո ցուցադրվելու է միջազգային հեղինակավոր փառատոններում: «Անահիտը» մեծ էկրան կբարձրանա դեկտեմբերին:
ESem.am