Ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունին հայտարարել է, որ պատրաստվում է ֆիլմ նկարահանել բրիտանական  "News of the world" թերթում առաջացած միջազգային սկանդալի եւ նրա սեփականատեր մեդիամագնատ Ռուպեր Մերդոկի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով lenta.ru-ն, «Հաքերային հարձակում» ֆիլմի հիմքում բ րիտանացի լրագրող Նիք Դեյվիսի համանուն գիրքն է: Ամենայն հավանականությամբ, նկարահանման աշխատանքները կսկսեն հաջորդ տարի, իսկ ֆիլմի արտադրությամբ կզբաղվի "Sony Pictures"-ը:


«Այս պատմության մեջ կա լավ ֆիլմին բնորոշ բոլոր տարրերը` սուտ, կոռուպցիա, շանտաժ եւ այդ ամենը բարձր մակարդակի վրա: Չէ՞ որ խոսքը վերաբերում է Լոնդոնի ամենախոշոր թերթերից մեկին: Նիքը համարձակ եւ խիզախ լրագրող է եւ նրա գրվածքի հիման վրա ֆիլմ ստեղծելը մենք համարում ենք մեծ պատիվ»,- հայտարարել է Քլունին:

 

Ֆիլմի հիմքում "News of the world"-ի դեմ հարուցված քրեական գործն էր: Այն հարուցվել էր 2005- 2006թ. և վերսկսվել2011թ.: Ընկերության աշխատակիցները կասկածվում էին անօրինական գաղտնասլումների մեջ: Նրանք կասկածվում էին քաղաքական գործիչների եւ հայտնի աստղերի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու և դրանք հրապարակելու մեջ: Բացի այդ, թերթի մի շարք աշխատակիցները կասկածվում էին իրավապահ մարմինների ներկայացուցիչների կաշառելու և շանտաժի միջոցով տեղեկատվություն ձեռք բերելու մեջ: Թերթը, որ 165 տարվա պատմություն ուներ, 2011 թ. հուլիսի 10-ին հայտարարեց, որ դադարեցնում է իր գործունեությունը: