«Շնորհակալություն այս ակնթարթի համար». սա Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Վալերի Թրիերվեյլերի հեղինակած նոր գրքի անունն է, որտեղ նա ներկայացնում է իր և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հարաբերություններն ու խոստովանում, որ Օլանդի դավաճանության մասին լուրն իմացել է Ելիսեյան պալատում և այդ պահին նախագահն իր կողքին էր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Paris Match-ը, նախկին առաջին տիկինը գրել է, որ երբ 2014թ. հունվարի 9-ին տեսել է, որ բոլոր հեռուստաընկերությունները ներկայացնում են մանրամասներ Օլանդի և դերսանուհի Ժուլիե Գաեի հարաբերությունների մասին` վատացել է:
«Ես վազեցի բաղնիք, որպեսզի դեղահաբերի տուփը վերցնեմ: Ֆրանսուան ինձ հետեւեց: Հետո նա փորձում էր իմ ձեռքից վերցնել դեղերի տուփը: Արդյունքում տուփն իմ ձեռքից ընկավ ու հաբերը թափվեցին գետնին: Այդ պահին ես կարողացա մնացած հաբերը խմել: Ես չէի մտածում, թե ինչ է լինելու ապագայում, ինձ ոչինչ չէր հետաքրքրում»,- խոստովանել է առաջին տիկինը` հավելելով, որ ավելի ուշ իրեն տարել են հիվանդանոց:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Վալերին հայտարարել է, որ այլեւս չի ցանկանում ապրել Օլանդի հետ և հեռացել է: Նախկին լրագրողուհին պատմել է, որ բաժանումից հետո Օլանդն ամեն օր մի քանի հաղորդագրություն էր ուղարկում եւ աղաչում ետ վերադառնալ: France Presse-ի փոխանցմամբ, գրքի հրատարակումը անկնկալի է բերել Ելիսեյան պալատին: Նախագահական նստավայրից գրքում տեղ գտած մանրամասների առնչությամբ դեռևս հանդես չեն եկել մեկնաբանությամբ:
Վալերի Թրիերվեյլերը Ֆրանսուա Օլանդի հետ ծանոթացել է 1988թ, սակայն նրանց սիրավեպը սկսվել է 2005թ.: Այդ ժամանակ Թրիերվեյլերն ամուսնացած էր Paris Match-ի փոխխմբագրի հետ: Պաշտոնապես նրանք բաժանվեցին 2010թ.: Թրիերվեյլերը համարվում էր Ֆրանսիայի առաջին տիկինը, սակայն նրանք պաշտոնապես ամուսնացած չէին: առաջին տիկնոջ իրավունքով նա ուղեկցում էր Օլանդին արտասահմանյան այցելությունների և պաշտոնական միջոցառումների ժամանակ: 2014թ. հունվարի 25-ին Ֆրանսիայի նախագահը հայտարարեց իրենց հարաբերությունների ավարտի մասին: