Հայ կինոսերները սեպտեմբերին տխրելու առիթ չեն ունենա: «Մոսկվա» կինոթատրոնում նրանք ամբողջ սեպտեմբերի ընթացքում կկարողանան վայելել աշխարհում երկար սպասված ֆիլմերի պրեմիերաները:
Կինոթատրոնից «Արմենպրես»-ի թղթակցին տրամադրած տեղեկատվության համաձայն` հենց այսօրվանից հայ ակնդիրը հնարավորություն կունենա դիտել 2014-ին նկարահանված միանգամից երեք ֆիլմ:
Սեպտեմբերի 4-ից «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին կհայտնվի Ջոշ Բունի «Աստղերն են մեղավոր» մելոդրաման: Այն ներկայացնում է երկու պատանիների սիրո պատմությունը: Այսօրվանից հնարավոր կլինի դիտել նաև ուկրաինական արտադրության «Պայմանագրով միայնակը» կատակերգությունը: «Ժամադրությունների համար լավագույն ֆիլմը». սա է կինոնկարի կարգախոսը: Բացի այդ, սեպտեմբերի 4-ից կարելի է դիտել նաև Հրաչ Քեշիշյանի «Մեր սրտի տնակը» կատակերգությունը: Հայ-ռուսական արտադրության ֆիլմում խաղում է նաև Արմեն Ջիգարխանյանը:
Սեպտեմբերի 11-ից հայ կինոսերները հնարավորություն ունեն դիտել Լյուք Բեսոնի «Լյուսի» մարտաֆիլմը: Կինոնկարի գլխավոր դերում հանդես է գալիս Սքարլեթ Յոհանսոնը:
Ջեյմս Դեշների համանուն գրքի հիման վրա նկարահանված «Լաբիրինթում վազողը» ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին կհայտնվի սեպտեմբերի 18-ից:
Իսկ փոքրիկները սեպտեմբերի 25-ից հնարավորություն կունենան վայելել ուրախ և հետաքրքիր «Հրեշների ընտանիքը» մուլտֆիլմը:
Նույն օրը հնարավոր կլինի դիտել հանրահայտ Վուդի Ալենի «Լուսնի լույսի կախարդանքը» նոր կինոնկարը, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Էմմա Սթոունը և Քոլին Ֆերտը:
Ներկայացված բոլոր ֆիլմերը նկարահանվել են հենց 2014 թվականին: