Կինոյի երկրպագուները նոյեմբերին տխրելու առիթ չեն ունենա: «Մոսկվա» կինոթատրոնում նրանք ամբողջ ամսվա ընթացքում կկարողանան վայելել աշխարհում  երկար ժամանակ սպասված ֆիլմերի պրեմիերաները:


Կինոթատրոնից «Արմենպրես»-ի թղթակցին տրամադրած տեղեկատվության համաձայն`նոյեմբերի 13-ից կինոսերները կկարողանան դիմել անվանի և սիրված գրող Նիքոլաս Սփարքսի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Լավագույնն իմ մեջ» ֆիլմը: «Դու երբեք չես մոռանա քո առաջին սերը». սա է այս յուրահատուկ ֆիլմի կարգախոսը:

 

Նոյեմբերին հայկական ժամանակակից կինոյի սիրահարները միանգամից երեք նոր ֆիլմ կդիտեն: Գոռ Վարդանյանի «Ստվերները դրախտում» կինոնկարը հնարավոր կլինի դիտել նոյեմբերի 14-ից:

 

Նոյեմբերի 19-ին մեծ էկրաններին կհայտնվի նաև Հրանտ Երիցկինյանի «Ուրիշի փոխարեն»  ֆիլմը: Կինոնկարի հիմքում բժշկի մասին պատմություն է. մի պլաստիկ վիրաբույժ Ամերիկայից գալիս է Հայաստան՝ վիրահատություններ անելու և ընկնում արկածային տարբեր իրավիճակների մեջ: Մեկ այլ հայկական ֆիլմ՝«Իմ փոքրիկ փեսացուն» ընտանեկան կատակերգությունը, հնարավոր կլինի դիտել նոյեմբերի 27-ից: «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմի սցենարի հեղինակն է Անուշիկ Պետրոսյանը, պրոդյուսերն ու գլխավոր ռեժիսորը՝ Սարգիս Սեպուհյանը, ռեժիսորը Տիգրան Ավետիսյանը:

 

Փոքրիկները նոյեմբերի 27-ից հնարավորություն կստանան դիտել «Մադագասկարի պինգվինները» բարի մուլտֆիլմը: Շոն Անդերսի «Անհանդուրժելի ղեկավարները» ֆիլմի երկրորդ մասը հնարավոր կլինի դիտել նոյեմբերի վերջին: Ֆիլմում նկարահանվել են Հոլիվուդի լավագույն կինոաստղերը՝ Ջենիֆեր Էնիսթոնը, Քրիս Փայնը, Քրիստոֆ Վալցը, Քեվին Սփեյսին և այլք: