Դերասան Տիգրան Մակարյանն ավարտել է պարտադիր զինվորական ծառայությունը: ESem.am-ը խոսել է վերջինիս հետ ու պարզել, թե այս ընթացքում ինչով է զբաղվում և առաջիկայում ինչ ծրագրեր ունի:

 

 

Տիգրանի փոխանցմամբ՝ ծառայության հետ ավարտվել է նաև Պաշտպանության նախարարության և Հանրային հեռուստատեսության համատեղ հաղորդաշարի՝ «Մարտիկի» հաղորդավարի աշխատանքը: «Ցավոք, այդ հաղորդաշարի հետ այլևս կապ չունեմ, որովհետև դրա գլխավոր պայմանն այն է, որ հաղորդավարը  զինվոր լինի»,- ասաց Տիգրանը: Ըստ նրա՝ աննկարագրելի երկու տարի է անցկացրել հաղորդաշարի անձնակազմի հետ: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին. իսկապես մի ընտանիք էինք դարձել: Կարող եմ ասել, որ այդ երկու տարիների ընթացքում ճանաչեցի Հայաստանը, եղա բազմաթիվ զորամասերում, քաղաքներում ու գյուղերում»,- անկեղծացավ դերասանը:

 

 

Զորացրվելուց հետո Տիգրանը ոչ թե ամառային հանգիստն է վայելում, այլ աշխատում է շատերի համար անսպասելի մեկ այլ ոլորտում: Նա համակարգչային գրաֆիկայով է զբաղվում և աշխատում է www.3dtuning.com կայքում՝ որպես ավտոմատացման բաժնի ղեկավար, 3D արտիստ: «Մինչ Թատերական ինստիտուտ ընդունվելը գեղարվեստի պետական ակադեմիայում ընդհանուր դասընթացների եմ գնացել: Մտածում էի դերասա՞ն, ծրագրավորո՞ղ, թե՞ համակարգչային դիզայներ դառնամ: Ընտրեցի Թատերականը, սակայն ընթացքում շարունակում էի զբաղվել համակարգչային գրաֆիկայով ու կարծում եմ, մինչև կյանքիս վերջ կզբաղվեմ դրանով»,- ասաց Տիգրանը:

 

 

Խոսելով որպես դերասան ներկայանալու մասին՝  նա նշեց, որ այժմ էլ առաջարկներ ունի, սակայն դեռ հստակ չէ՝ առաջիկայում դրանցից որը կընտրի: «ԱՄՆ-ի հետ կապված ևս մի առաջարկ ունեմ, սակայն հստակ չէ: Կարծում եմ, ցանկացած դերասան էլ ցանկություն ու երազանք ունի դրսի հետ աշխատելու: Տեսնենք՝ ինչպես կստացվի»,-ավելացրեց Տիգրանը:


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը