Հայաստանի ազգային պատկերասրահում հուլիսի 18-ին կբացվի «16-20-րդ դարերի արեվմտաեվրոպական գծանկարը, կավճանկարը, ջրանկարը, գուաշը ՀԱՊ հավաքածուում» խորագրով ցուցահանդես: Ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 11-ը:


Ցուցադրությունը, որտեղ միաժամանակ ներկայացված են եվրոպական տարբեր գեղարվեստական դպրոցներ, կազմակերպվում է թանգարանում առաջին անգամ և ընդգրկում է 100-ից ավելի ստեղծագործություն: Այն հնարավորություն է տալիս ակնդրին անմիջականորեն տեսնելու և ըստ արժանվույն գնահատելու 16-20-րդ դարերի եվրոպական վարպետների բարձր արվեստը: Ներկայացված են հետևյալ երկրները՝ Իտալիա, Հոլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռումինիա, Ավստրիա, Անգլիա, Բելգիա, Էստոնիա, Լատվիա, Լեհաստան, Շվեյցարիա:

 

Արևմտաեվրոպական յուրահատուկ գրաֆիկայի (գծանկար, կավճանկար, ջրանկար, գուաշ) հավաքածուն ձևավորվել է տասնամյակների ընթացքում` սկսած 1921 թվականին Հայաստանի պետական կենտրոնական թանգարանի (ՀՊԿԹ) հիմնադրումից: Վերջին համալրումները վերաբերում են 2005 թվականին: Հավաքածուի ձևավորման գործում անգնահատելի օգնություն են ցուցաբերել Պետական Էրմիտաժն ու Պետական թանգարանային ֆոնդը, որտեղից 1930 և 1932 թվականներին ՀՊԿԹ փոխանցվել են գծանկարներ, որոնք կազմել են այս ոչ մեծ հավաքածուի հիմքը:

 

Հավաքածուի համալրման այլ աղբյուր են արտասահմանցի հայազգի հավաքածուատերերի ու արվեստասերների նվիրատվությունները, ինչպես նաև թանգարանի ձեռքբերումները: Մի շարք հեղինակներ անձամբ են ստեղծագործությունները նվիրել թանգարանին:

 
Պատկերասրահի հավաքածուում չկան 15-րդ դարի նկարիչների ստեղծագործություններ, իսկ 16-20-րդ դարերը ներկայացված են 200-ից ավելի աշխատանքներով, որոնցում մասամբ արտացոլված են նշված ժամանակաշրջանի եվրոպական տարբեր գեղարվեստական դպրոցների գրաֆիկայի առանձնահատկությունները: Ցավոք, հավաքածուում ոչ բոլոր դպրոցներն են ներկայացված համարժեք:

 

Առավել ընդգրկուն են իտալականը, հոլանդականը, ֆրանսիականը, գերմանականը և ռումինականը: Իսկ Ավստրիան, Անգլիան, Բելգիան, Էստոնիան, Լատվիան, Լեհաստանը, Շվեյցարիան ներկայացված են մեկ կամ ավելի նմուշներով: