Հայաստանի ազգային պատկերասրահը որպես նվեր ստացավ լեհ կին նկարիչների 10 աշխատանք: Այդ գործերը ներկայացնող «Լեհ կին նկարիչներ.արվեստի ավանդական և ժամանակակից ուղիները» խորագրով ցուցահանդեսը ՀԱՊ-ն իր հարկի ներքո կհյուրընկալի շուրջ մեկ շաբաթ: Ցուցահանդեսը կազմակերպել են լեհական «ADI ART» և Հայաստանի ազգային պատկերասրահները: Այն բացվեց օգոստոսի 15-ին: Բացման հանդիսավոր արարողության և աշխատանքներն ազգայի ն պատկերասրահին հանձնելու առթիվ Հայաստան էին եկել լեհական «ADI ART» պատկերասրահի տնօրեն Ադամ Կովալչևսկին և երկու լեհ նկարչուհիներ:


Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը  կարևորեց իրադարձության անցկացումը: «Ազգային պատկերասրահը երկար ժամանակ է համագործակցում Լեհաստանի հետ, կազմակերպում բազմաթիվ միջոցառումներ: Մի քանի ամիս առաջ լեհական Սոպոտ քաղաքում բացվեց մեծ նկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների ցուցահանդեսը: Սա մեր համագործակցության շարունակությունն էր, որն ավելի մեծ ընթացք կունենա, և մենք մոտիկից կծանոթանանք լեհ արվեստագետների գործերին ու հայ արվեստագետների գործերը կներկայացնենք Լեհաստանում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Փարավոն Միրզոյանը:

 

Նրա խոսքով, ՀԱՊ-ը հոկտեմբերին կհյուրընկալի անվանի լեհ և հայ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ցուցահանդեսը: «Իմ կարծիքով, պատմական նշանակության ցուցահանդես է լինելու. Աքսենտովիչը չէր էլ կարող պատկերացնել, որ իր ցուցահանդեսը կբացվի անկախ Հայաստանում»,-նշեց նա:

 

«ADI ART» պատկերասրահի տնօրեն Ադամ Կովալչևսկին նշեց, որ ուրախ է գտնվել Հայաստանում:  «Մեր պատկերասրահն արդեն 25 տարվա պատմություն ունի: Արդեն 10 տարի մենք ներկայացնում ենք լեհական ժամանակակից արվեստը տարբեր երկրներում: Այս ցուցահանդեսն առաջին իրադարձությունն է Հայաստանում, և հույս ունեմ՝ ոչ վերջինը»,-նշեց նա:

 

Լեհ նկարչուհի Յոաննա Կովալչևսկան Հայաստան է բերել «Անվերնագիր» բնանկարը: Մասնագիտությամբ բժիշկ է, փաստում է, որ պրոֆեսիոնալ նկարչությամբ չի զբաղվել: «Այս աշխատանքը ներկայացնում է մի տեսարան իմ քաղաքից: Նկարչությունն իմ հոբբին է»,-նշեց Կովալչևսկան:

 

«Լեհ կին նկարիչներ. արվեստի ավանդական և ժամանակակից ուղիները» խորագիրն ինքնին հուշում է ցուցադրվող ստեղծագործությունների հայեցակարգի երկբևեռությունը: «ADI ART» պատկերասրահը, որտեղ հիմնականում ցուցադրվում են ժամանակակից արվեստի գործեր, այս անգամ որոշել է գործ ունենալ ավանդական արվեստի հետ,

որն ինչ-որ չափով հեռացել է փոփ և կոմերցիոն արվեստի աշխարհից:

Մյուս կողմից, Հայաստանի ազգային պատկերասրահը համաձայնել է համադրել ավանդականը ժամանակակից արվեստի հետ: 


Ցուցահանդեսն ընդգրկում է լեհական կերպարվեստի երկու բևեռներ, որոնք լրացնում են միմյանց: