Բուխարեստում` Ռումին Գյուղացու թանգարանում (Museum of the Romanian Peasant), հունիսի 28-ին տեղի ունեցավ «Տարկովսկին Հայաստանում» խորագրով երեկո, որն ուղեկցվեց Բագրատ Հովհաննիսյանի «Հնձան» ֆիլմի ցուցադրությամբ: Միջոցառումը կազմակերպել էր TARKOVSKIANA նախաձեռնությունը, այն Տարկովսկուն նվիրված միջոցառումների շարքում 4-րդն էր:
Երեկոյի առաջին մասում բանախոս Յոնուց Դումիտրեսկուն/Ionut Dumitrescu ներկայացրեց մանրամասներ Անդրեյ Տարկովսկու կյանքի Հայաստանյան էջերի, ինչպես նաեւ հայ կինոգործիչների, մասնավորապես, Բագրատ Հովհաննիսյանի հետ նրա սերտ կապերի և համագործակցության վերաբերյալ:
Դումիտրեսկուն նշեց, որ Տարկովսկու հայկական առնչությունների մասին եղել են մի շարք հրապարակումներ, եւ հանրահայտ փաստ է, որ նա մտերմություն ու կապեր է ունեցել բազմաթիվ հայերի հետ: Հայտնի է նաեւ, որ Կինեմոտոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում ուսանելիս նրա դիպլոմային աշխատանքի` «Գլդոնը եւ ջութակը» կարճամետրաժ ֆիլմի մի քանի դրվագներ 1960թ.նկարահավել են Երեւանում` Լենինի հրապարակում (այժմ` Հանրապետության հրապարակ): Միաժամանակ տեղեկություններ կան այն մասին, որ Տարկովսկին Հայաստան է այցելել նաև 1965թ: Այդ օրերից հրաշքով պահպանվել են ինչպես վավերագրական կադրեր, այնպես էլ լուսանկարներ` արված Լևոն Աթոյանցի կողմից:
Փոխարենը քիչ է հայտնի Տարկովսկու մեկ այլ` համեմատաբար ավելի երկարատև գործուղումը Հայաստան, որի առիթը ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի նոր ֆիլմն էր` «Հնձանը», Հրանտ Մաթևոսյանի սցենարով: Հովհաննիսյանի եւ Տարկովսկու մտերիմ կապերը մինչ այդ արդեն «ամրագրվել էին» ռուս ռեժիսորի երկու աշխատանքներում. Հովհաննիսյանը «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմում (1966թ.) աշխատել էր իբրեւ ստաժոր-բեմադրիչ, իսկ «Սոլյարիսում» (1972թ.) խաղացել էր էպիզոդային մի դեր: Եվ ահա 197 2թ.-ին, ձեռնամուխ լինելով իր առաջին կինոնկարի ստեղծմանը, Հովհաննիսյանը դիմում է փորձառու բեմադրիչին:
Խոսելով Տարկովսկու այս գործնական ուղևորության մասին` բանախոսը նշեց, որ դրա շրջանակներում վերջինս այլոց թվում սերտ շփումներ է ունեցել Հրանտ Մաթևոսյանի և Սոս Սարգսյանի հետ.վերջինիս նա գիտեր դեռևս «Սոլյարիս» ֆիլմից:
Երեկոյի երկրորդ մասում ցուցադրվեց Բագրատ Հովհաննիսյանի «Հնձան» ֆիլմը (1973թ.), որի գեղարվեստական ղեկավարը Անդրեյ Տարկովսկին էր:
«Տարկովսկին Հայաստանում» միջոցառման գործընկերներն են Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Ռումինիայի Հայոց միությունը, «Հայֆիլմ»-ը` TVR` Radio România Cultural, Filmreporter.ro, Liternet.ro լրատվական աջակցությամբ: