Բուխարեստի Դուդյան հայ մշակույթի տան լեփ-լեցուն սրահում ուրբաթ երեկոյան` հունիսի 6-ին, տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 90-ամյակին նվիրված երեկո: Ռումինահայ վաստակավոր լրագրող և  թարգմանիչ Մադլեն Կարակաշյանը/ Madeleine Karacasian եւ ռումին հայտնի կինոքննադատ Իրինա Մարգարետա Նիստորը /Irina Margareta Nistor երկխոսության միջոցով ներկայացրին Ազնավուրի արտիստիկ փառավոր կենսագրությունը, բացահայտեցին առանձին դրվագներ ոչ միայն նրա համերգային, այլև կինոգործունեությունից: Երեկոյին ցուցադրվեց Ազնավուրին նվիրված ֆիլմը, որի հիմքում Ֆրանսիայում Հայաստանի տարվա կապակցությամբ 2006թ. սեպտեմբերի 30-ին Երեւանում կայացած «Ազնավուրը եւ նրա ընկերները» /Aznavour et ses Amis մեծ համերգն էր:

 

Ուշագրավ էին հատկապես Մադլեն Կարակաշյանի ներկայացրած մանրամասները եւ ֆոտոշարքը Ազնավուրի` Բուխարեստ կատարած այցելությունների վերաբերյալ: Լրագրողն աշխարհահռչակ շանսոնյեին առաջին անգամ հանդիպել է Բուխարեստում` 1963թ. գարնանը, երբ Ազնավուրը ելույթներով հանդես էր գալիս Sala Palatului հսկա համերգասրահում: Այստեղ էր, որ Մադլեն Կարակաշյանի ուղեկցությամբ ռումինահայ անվանի նկարիչ Չիք Դամադյանը/Cik Damadian թղթին հանձնեց Ազնավուրի հայտնի գծանկարը:

 

Երկրորդ հանդիպումը 2004թ. փետրվարին Բուխարեստում «Հայր Գորիո» /Père Goriot ֆիլմի նկարահանումների ժամանակ էր, որտեղ Շառլ Ազնավուրը կատարում էր բալզակյան հերոսի դերը: Այդ օրերին շանսոնյեն բացառիկ հարցազրույց է տվել Մադլեն Կարակաշյանին «Ararat» հանդեսի համար` վերնագրված՝ «Ընտանիքի զգացողությունը հայ ժողովրդի ժառանգական հատկությունն է» (16-29 փետրվար 2004), որն ավելի ուշ պետք է ամփոփվեր հեղինակի «Հայերի հետ եւ հայերի մասին» ժողովածուի մեջ (Madeleine Karacasian, Cu si despre armeni, vol. II din 2005, Editura Ararat): Մադլեն Կարակաշյանն Ազնավուրին է հանձնել իր իսկ թարգմանությամբ Ռիչարդ Բալդուչիի «Ազնավուր. Բոհեմի որդու խոստովանանքը» /Richard Balducci, Charles Aznavour - Confidentele unui fiu de boem գրքի ռումիներեն տարբերակը: Մինչ այդ` 2002 թվականին, «Ararat» հրատարակչությունը լույս էր ընծայել նաև Աիդա Ազնավուր-Կարվարենցի «Աղբարիկս» հուշերի գիրքը (Aida Aznavour-Garvarentz, Petit frère):

 

2004թ. փետրվարյան այդ օրերին Ազնավուրն այցելել է նաեւ Բուխարեստի Հայոց կենտրոն` Հայոց մայր տաճար, թանգարան, և մասնակցել Դուդյան մշակույթի տան ցուցահանդեսի բացմանը: