Մեծանուն բանաստեղծ Պարույր Սեւակի մահվան 43-րդ տարելիցի օրը, Արարատի մարզպետարանի հրավերով, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում «Պարույր Սեւակ» ներկայացմամբ հանդես եկավ Երեւանի «Թատրոն 32»-ը: Միջոցառմանը ներկա էին մարզային կառույցի ղեկավարները, մարզպետարանի աշխատակիցները, Սեւակի երկրպագուները:
Բեմադրության ռեժիսոր Կարեն Բաբաջանյանը, ներկայացումը բեմադրվել է նախորդ տարի և նվիրված է Սեւակի ծննդյան 90-ամյակին: Մեկ ժամ 10 րոպե տեւողությամբ բեմադրությունը «Թատրոն 32»-ի առաջին ներկայացումն է, որը դերասանական կազմը հանդիսատեսի դատին է հանձնում արդեն ավելի քան 40-րդ անգամ: Ներկայացման մեջ զբաղված են հինգ երիտասարդ դերասաններ` Մարիամ Ադամյանը, Գուրգեն Սարգսյանը, Արմեն Մարգարյանը, Սամվել Թոփալյանը և Կարեն Բաբաջանյանը:
Դերասանական կազմը պոետի ստեղծագործությունները ներկայացրել է նոր մոտեցմամբ` ասմունքի ձեւաչափը համեմելով թատերական տարրերով: Բեմադրությունն առանձնացված է բաժիններ` քաղաքական, խոհական, սիրային, հատվածներ «Անլռելի զանգակատուն» պոեմից, գրողի երկու հրաշալի ստեղծագործությունների համար գրվել է երաժշտություն (Կարեն Բաբաջանյան): Ներկայացման վերջին հատվածում Պարույր Սեւակի կենդանի ձայնագրություններն են, իսկ արտիստները յուրատեսակ երկխոսության մեջ են մտնում նրա հետ:
Բաբաջանյանն ասաց, որ Սեւակին փորձել են ներկայացնել արժանավայել ձեւով: «Թատրոնը և պոեզիան չեն մեռնում, թատրոնին և պոեզիային սպանում են»,-ընդգծեց նա` հավելելով, որ քանզի պոեզիան ստեղծագործության ամենատարեց տեսակն է, փորձել են զարգացնել, հանդիսատեսի դատին և հատկապես երիտասարդ սերնդի համար ներկայանալ մի նոր որակով: Թատրոնն ունի մեծաքանակ երիտասարդ տաղանդաշատ դերասաններ, որոնք պարբերաբար իրենց ստեղծած նոր ձևաչափով հանդիսատեսի դատին կհանձնեն հայ մեծերի ստեղծագործությունները:
Բաբաջանյանի խոսքով, բեմադրությունն առայժմ խաղացել են միայն մայրաքաղաքում և առաջին շրջագայությամբ հանդես են եկել այստեղ` թատերական առումով պատմական Արտաշատում: Նրա խոսքով, իրենք պատրաստ են հանդես գալու ցանկացած տեղ, որտեղից կլինեն հրավերներ` թե մարզերից, թե արտերկրից: Այս պահին հրավերներ կան Ռուսաստանի Դաշնությունից և ԱՄՆ-ից: Անդրադառնալով շրջագայություններին` գեղարվեստական ղեկավարն ասաց, որ իր համոզմամբ, սփյուռքն ավելի շատ ունի նման ներկայացումների կարիքը: Թատրոնը հագեցած է բոլոր տեսակի անհրաժեշտ լուսաձայնային տեխնիկայով, բեմա կան աքսեսուարներով, որոնք իրենց հետ տանում են ցանկացած ներկայացման ժամանակ: