Նյու Յորքում հունիսի 8-ին կյանքի 112-րդ տարում մահացել է Ալեքսանդր Իմիչը, ով այս տարվա ապրիլին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել էր որպես աշխարհի ամենատարեց տղամարդը:Այդ մասին հաղորդել է ամերիկյան NBC հեռուստաընկերությունը:
Քիմիկոս և պարահոգեբուժության վերաբերյալ գրքերի հեղինակ Իմիչը ծնվել է 1903 թվականի փետրվարի 4-ին Լեհաստանում: 1939 թվականին նացիստների ներխուժումից հետո նա կնոջ հետ միասին փախել է այնտեղից և որոշ ժամանակ անցկացրել ԽՍՀՄ-ում: 1951 թվականին Իմիչը տեղափոխվել է ԱՄՆ:
Լրագրողների հարցին՝ ինչպես է իրեն հաջողվել դառնալ երկարակյաց, Իմիչը պատասխանել է, որ իր գաղտնիքը սպորտով զբաղվելն է, ալկոհոլ չօգտագործելը և ճիշտ սննդակարգը, որի հիմքում հավի մսից և ձկնեղենից պատրաստված ճաշատեսակներն են:
Մինչդեռ Իմիչը մոլորակի ամենածեր մարդը չէր: Ներկայում կան նրանից ավելի տարեց 60-ից ավելի կանայք, որոնցից ամենածերը ճապոնուհի Միսաո Օկավան է, որը մարտին նշել է 116-րդ ծննդյան տարեդարձը:
Այժմ աշխարհի ամենատարեց տղամարդու տիտղոսը կանցնի ճապոնացի 111-ամյա Սակարի Մոմոիին: Նա նույնպես ծնվել է 1903 թվականին՝ Իմիչից միայն մեկ օր ուշ: