Հանրահայտ The Eagles ռոք խմբի հիմնադիրներից մեկը՝ 67-ամյա Գլեն Ֆրայը, մահացել է Նյու Յորքում: Այդ մասին ասված է խմբի Facebook-յան պաշտոնական էջում:
Նախնական տվյալներով՝ Ֆրայի մահվան պատճառն աղիքային հիվանդությունն է եղել: Երաժիշտը բարդ վիրահատություն է տարել նոյեմբերին, սակայն վերջին մի քանի օրերի ընթացքում նրա վիճակը վատթարացել է:
«Բառերը չեն կարող գնահատել ո՛չ մեր վիշտը, ո՛չ սերը և հարգանքն այն ամենի հանդեպ, ինչ նա տվել է մեզ, ընտանիքին, երաժշտական հանրությանը և միլիոնավոր երկրպագուներին ամբողջ աշխարհում»,- ասվում է խմբի կայքում:
Ֆրայը ստեղծել է խումբը Դոն Հենլիի հետ 1971-ին և մասնակցել նրա գործունեությանն ամբողջ կարիերայի ընթացքում: Նա նվագել է կիթառ և եղել վոկալիստներից մեկը: Բացի այդ, 1980-ականներին երաժիշտը սկսել է իր անհատական կարիերան: