Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, համացանցում հայտնվեց փոքրիկ Նանուլի «Երգչուհի եմ դարձել» երգի տեսահոլովակը, որտեղ փոքրիկը նմանակում էր երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին: Համացանցում հայտնվելուց հետո տեսահոլովակի, երգի ու փոքրիկի մասին բազմաթիվ արձագանքներ եղան. ինչպես լավ, այնպես էլ վատ: Շատերը մեղադրեցին փոքրիկի ծնողներին` նշելով, որ երեխային նման տեսքով չպետք է ներկայացնեին հանրությանը:
Բացասական արձագանքների մասին ESem.am-ը զրուցեց 4-ամյա Նանուլի մայրիկի` պարուհի Վիկա Մարտիրոսյանի հետ: Զրույցի սկզբում նա նշեց, որ չի ցանկանում այդ մասին խոսել, քանի որ ուղղակի խղճում է այն մարդկանց, ովքեր կարող են քննադատել 4 տարեկան երեխային: «Եթե անկեղծ լինեմ, ընդհանրապես չեմ հետաքրքրվում:
Եթե գրելու եք, պետք է գրեք, որ չենք էլ հետաքրքրվում այդ ամենով. մեզ համար ամենը շատ լավ է. դրա համար չենք ընդունում ոչ մի բացասական մեկնաբանություն»,- ասաց Վիկան և հավելեց, որ իրենց գործընկերներից ու հարազատ մարդկանցից միայն դրական ու լավ գնահատական են ստացել:
«Մնացածի գնահատականը մեզ չի էլ հետաքրքրում: Մենք երբևիցե թույլ չենք տա, որ մեր բալիկը ինչ-որ բան անի վատ, որովհետև իր ընտանիքում ոչ մի նման բան չի տեսել ու չի կարող անել: Մեր աղջիկը Աստծո կողմից տրված տաղանդ ունի, դրա համար էլ ես ու ամուսինս համաձայնել ենք նման բան անել»,- շեշտեց Վիկան:
Ըստ նրա` այսօր բոլորի տանը տեսնում են երեխաներին բարձրակրունկներով, դիմահարդարված, քանի որ նրանք ուզում են նմանակել իրենց մայրիկիներին: «Իմ աղջիկն ասելիք ուներ, որովհետև ինքը, բնականաբար, տաղանդավոր է, շատ լավ կարողանում է երգել, պարել: Ոչ մի վատ բան չենք արել, իսկ եթե ինչ-որ մեկին խանգարում է, որ իմ երեխան կարող է երգել-պարել, թեկուզ հայտնի երգչուհու երգը կատարել և շպարված լինել, ցավում եմ նրա համար: Խղճում եմ այդ մարդկանց, որ կարող են այդքան նեգատիվ լինել ու քոմենթ գրել: Մեզ համար հրաշալի աշխատանք է, ոչ միայն մենք ենք գովում. յութուբյան դիտումներից մեզ արդեն պարզ է` լավ է, վատ է: Բոլորին այն հետաքրքրել է ու շատերն են դիտել, մեկնաբանություններ ենք ստացել աշխարհի տարբեր ծայրերից»,- ավելացրեց Վիկան:
Պարուհուց հետաքրքրվեցինք նաև, որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, որ տեսահոովակի համար իրենք ծախսել են 9000 ամերիկյան դոլար, սակայն Վիկան հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ այս թեմայով:
Զրուցեց Արևիկ Իսաջանյանը