Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին BBC Radio Five-ին տված հարցազրույցի ժամանակ կրկին հայտնել է դերասանական կարիերան ավարտելու պլանների մասին: Նա ակնարկել է, որ իր վերջին դերը կարող է դառնալ այն դերը, որն ինքը խաղալու է Եգիպտոսի Կլեոպատրա թագուհու մասին պատրաստվող ֆիլմում:

 

Ջոլիի խոսքով՝ Կլեոպատրայի կերպարը շատ բարդ է, և այն «ճիշտ» խաղալը մեծ ջանքեր կպահանջի: «Դա այն դեպքերից մեկն է, երբ դու կարծում ես, որ պետք է նվիրվես լիովին և դրանով ավարտես՝ լավ իմաստով: Ի՞նչ կարելի է անել դրանից հետո»,- ասել Է Ջոլին:

 

Ավելի վաղ Ջոլին արդեն մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե ծրագրում է ավարտել դերասանական կարիերան, որպեսզի կենտրոնանա ռեժիսուրայի և հումանիտար ծրագրերի վրա (2000-ական թվականների սկզբից դերասանուհին համագործակցում է ՄԱԿ-ի հետ): Որպես ռեժիսոր Ջոլին թողարկել է երկու ֆիլմ. «Տեղ ժամանակի մեջ» (2007) վավերագրական ֆիլմը և «Արյան և մեղրի եզրին» (2011) գեղարվեստական ֆիլմը:

 

Ներկայում Ջոլին մասնակցում է «Մալեֆիսենտա» ֆիլմի աջակցման շրջագայությանը, որում խաղացել է գլխավոր դերը: