Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը, ով օրեր առաջ տոնել է իր ծննդյան 90-րդ տարեդարձը, հիացրել է Լոնդոնի թագավորական «Ալբերտ» սրահի 5,5 հազար ունկնդիրներին` հունիսի 1-ին կայացած իր մենահամերգի ամբողջ ընթացքում: Ինչպես տեղեկացնում է afp.com կայքը, երգիչն իր հանդիսատեսին խոստացել է երգերի կեսը կատարել անգլերենով, մյուս կեսը` ֆրանսերենով: Կայքը գրում է, որ լեգենդը շրջապատված է եղել  յոթ երաժիշտներով և երկու երգիչներով:

 

«Ազնավուրը վերջերս ասել էր, որ նա «դեռ գրում է ամեն օր, հաճախ մեկ երգ մեկ օրվա ընթացքում» և բացահայտել էր իր հաջողության գաղտնիքները: Համերգին ներկա էին եղել բազմաթիվ ֆրանսիացիներ և հայեր, ովքեր ունկնդրել են երգչի հայտնի գործերը, ներառյալ «Mes Emmerdes», «She», «Take Me Along», «Les deux guitars», «La Boheme» երգերը»,- նշում է կայքը` հավելելով, որ Ազնավուրը նվեր է ստացել բազմաթիվ ծաղիկներ: Համերգը տևել է մոտ երկու ժամ:

 

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

 

Այս տարի լրացել է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին` հոբելյանի կապակցությամբ:

 

Լեգենդար երգչն այս տարի համերգներ ունի աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` հանդես է եկել նաև Հայաստանում:

 

Շառլ Ազնավուրը նախորդ տարվա հոկտեմբերի 25-ին ելույթ էր ունեցել նույն «Ալբերտ» սրահում: Մեծ շանսոնյեի ելույթն առաջինն էր Լոնդոնում` վերջին 25 տարվա ընթացքում: