Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հունիսին կվերադառնա Լոնդոն և եզակի համերգով անակնկալ կմատուցի տեղի իր երկրպագուներին: Ինչպես տեղեկացնում է Ազնավուրի ֆեսյբուքյան պաշտոնական էջը` երգիչը հունիսի 1-ին հանդես կգա Լոնդոնի թագավորական «Ալբերտ» սրահում:

 

Շառլ Ազնավուրը նախորդ տարվա հոկտեմբերի 25-ին ելույթ էր ունեցել նույն «Ալբերտ» սրահում: Մեծ շանսոնյեի ելույթն առաջինն էր Լոնդոնում` վերջին 25 տարվա ընթացքում:

 

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

 

Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին` հոբելյանի կապակցությամբ: Լեգենդար երգիչն այս տարի համերգ ունի նաև Հայաստանում: