Արտաշ Ասատրյանի որդին՝ ջութակահար և ժողովրդական երգերի կատարող Գրիշա Ասատրյանը, ապրիլի 8-ին ԱՄՆ-ի Alex կինոթատրոնում մենահամերգ է ունեցել։ 

 

Արտաշ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում,  անդրադառնալով որդուն և վերջինիս հաջողությանը, հետևյալ գրառումն է կատարել.

 

«Գրիշա ջան, տղես, դու Աստծո տված պարգև ես, և վստահ եմ՝ նա պահապան կլինի քեզ: Այսօր ամեն մի հայ դողում է քեզ վրա, բալես: Դու կանգնած ես բեմի վրա՝ վերցնելով և ապրելով քո հետևում գտնվող երաժշտախումբը և առջևում լեցուն դահլիճը: Բոլորը քոնն էին, դու՝ բոլորինը: Չեմ հիշում այդպիսի դահլիճ: Դու քո խոսքի մեջ կատարյալ հասուն, գրագետ տղամարդ ես՝ զգոն, սթափ տրամաբանությամբ՝ խոսքի և վարույթի մեծ կուլտուրա ունեցող: Իսկ քո այդ երգը՝ գերեց բոլորին: Ունկնդրի համար կյանքի բոլոր ապրումները վերացել էին, միայն դու էիր կյանքը, քո անթերի կատարումով, սոխակային խաղիկներով, քո զուլալ ջերմությամբ, երգը քեզ էր ծնել, դու՝ երգին:

 

Հայտարարվում էր երգերի հեղինակներին, հարգանքներս նրանց, բայց կարծես այն դու էիր ստեղծել: Իմ անկրկնելի Աստծո զավակ, տիրեցիր ամբողջ դահլիճը, չգիտեմ՝ ինչ թևերով իջար բեմից, դահլիճը խռնվել էր, մարդիկ հպվում էին քեզ՝ որպես մասունքի, որպես նշխարհքի:Կարծես ով կարողացավ քեզ գրկել, սրբացել էին: Դու այդ դահլիճը սարքեցիր եկեղեցի, որ յուրաքանչյուրը խնդրում էին քո ապագայի ապահովումը: Դու շատերիս կյանքի կոչ արեցիր:

 

Մի գեղեցիկ միտք ասեցիր. «Կուզեմ համերգ տամ այս դահլիճում, բայց դատարկ լինի, որ բոլորդ գնացած լինեք Հայրենիք»:

 

Իմ անգին հայորդի, մենք էլ ենք մեզ այնտեղ զգում, բայց այստեղից պահպանում ենք մեր Հայրենիքը: Շնորհակալ եմ քո հայրենասիրության համար, քո երգի համար, քեզ համար: Ափսոս չկարաղացա ես էլ գրկեի քեզ»:

Фото Sat  Khachatryan.