Google Inc.-ն ԱՄՆ-ում ազատ վաճառքի է հանել Google Glass նորաստեղծական ակնոցը, տեղեկացնում է The Wall Street Journal-ը:

 

Ընկերությունը հայտարարել է «բաց բետա-թեստավորում», որի շրջանակներում նորույթը կարելի է ձեռք բերել 1500 դոլարով, քանի դեռ այն կա: Թե որքան երկար կտևի այս ակցիան, հայտնի չէ, քանի որ տվյալներ չկան, թե քանի ակնոց է հասցրել թողարկել Google-ը:

 

Ավելի վաղ ընկերությունն անցկացրել է հավելյալ իրականության ակնոցի փակ բետա-թեստավորում, իսկ ապրիլին կազմակերպվել է դրա մեկօրյա վաճառք Պոնտե Վերդա Բիչում (Ֆլորիդա) տեղի ունեցած գոլֆի The Player's Championship մրցաշարում:

 

Առայժմ Google Glass-ը չի կարելի պատրաստի արտադրանք համարել, բետա-թեստերներին առաջարկվում է Explorer-ի նախնական տարբերակը: Google-ը հայտնել է, որ շարունակում է աշխատանքն ինչպես ապարատային մասի, այնպես էլ ծրագրային ապահովման վրա:

 

Google Glass-ն էլեկտրոնային ակնոց է, որն օգտատիրոջը թույլ է տալիս հատուկ դիսփլեյի վրա տեղեկատվություն ստանալ այն օբյեկտների վերաբերյալ, որոնց հետ նա դիտողականորեն շփվում է: Սարքում օգտագործվում է թափանցիկ դիսփլեյ, որն ամրացվում է գլխին և գտնվում է աջ աչքից փոքր-ինչ վերև, և խցիկ, որը կարող է բարձր որակի տեսագրություն կատարել:

 

Վերջին հաշվով Google-ը ցանկանում է Google Glass-ի մեջ միավորել երեք գործառույթ՝ հավելյալ իրականությունը, շարժական կապը՝ գումարած Համացանցը և տեսաօրագիրը: