Esem.am-ը գրում է.
Երգիչ-ամուսիններ Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը վերջերս են վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ Մարտին Մկրտչյանը մենահամերգ էր ունեցել: Հռիփսիմեն ամուսնու համերգի հատուկ հյուրն էր և նույնպես ներկայացել է իր կատարումներով:
«Համերգը շատ լավ անցավ, դահլիճը լեփ-լեցուն էր: Համերգից օրեր առաջ բոլոր տոմսերը սպառվել էին: Մեզ ասացին, որ էդպիսի ցուցանիշ վաղուց չէր գրանցվել,- ESem.am-ին ասաց Հռիփսիմեն` հավելելով, որ համերգից հետո “after-party” են արել: -Հավաքվել էին մեր ընկերները, հաճելի ժամանակ անցկացրինք»:
Երգչուհին պատմեց, որ ԱՄՆ-ում անցկացրել են 23 օր. «Թեև առաջին անգամ չէինք այնտեղ, այս անգամ շատ ավելի հետաքրքիր ու հագեցած օրեր ունեցանք, եղանք մեզ համար նոր քաղաքներում»:
Առաջիկա օրերին Հռիփսիմեն ամուսնու հետ կմեկնի Եվրոպա, որտեղի հինգ քաղաքներում Մարտինը կներկայանա մենահամերգներով: Այս անգամ ևս Հռիփսիմեն հատուկ հյուր է լինելու: Երգչուհին նշեց, որ կատարելու է իր արդեն սիրված երգերը, ինչպես նաև անակնկալ մի երգ կներկայացնի Մարտինի երգացանկից:) Ինչ վերաբերում է ամուսնու երգացանկից Հռիփսիմեի ամենասիրելի երգին, նա նշեց շատ սիրում է «Հանկարծ» երգը, որն ամուսինը ժամանակին նվիրել է իրեն:
Նշենք, որ Արամեի և Հռիփսիմե Հակոբյանի զուգերգի տեսահոլովակի պրեմիերան կկայանա մայիսի 13-ին: «Շատ գեղեցիկ է ստացվել»,- կարծում է երգչուհին:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը