Պարարվեստի միջազգային օրը Հայաստանի ճարտարապետների միության շենքում տեղի է ունեցել պարերի գրառման «Կաքավագիր» համակարգի շնորհանդեսը: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Կաքավագիրը» պարային շարժումների գրառման նոր համակարգչային ծրագիր է, որի ստեղծման հ իմքում է Սրբուհի Լիսիցյանի ստեղծած շարժումների գրառման համակարգը` կինետոգրաֆիան (շարժում և գրաֆիա):
Շնորհանդեսին ներկա է եղել Ս. Լիսիցյանի աշակերտուհի, ՀՀ ԳԱԱ առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ժենյա Խաչատրյանը, ով խոսել է պարարվեստի և ազգագրության ոլորտում Սրբուհի Լիսիցյանի թողած մեծ ժառանգության մասին:
2013 թվականին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ռուսերենից հայերեն թարգմանվել և հրատարակվել է Ս. Լիսիցյանի «Հայ ժողովրդի հինավուրց պարերը և թատերական ներկայացումները» ուսումնասիրությունը: Հիմնարար և կոթողային մեծարժեք աշխատությունը նվիրված է հայ մշակույթի այն կարևորագույն բնագավառներին, ինչպիսիք են պարային, բառային ու երաժշտական արվեստը: Ուսումնասիրությունը ազգագրական, բանահյուսական, հնագիտական, պատմական, արվեստաբանական և այլ նյութերի հիման վրա կատարված ավելի քան երեսուն տարվա հետևողական աշխատանքի արգասիք է, որն այսօր հիմք է հանդիսանում հայկական ազգագրական պարերի ուսումնասիրման և սերունդներին անաղարտորեն փոխանցելու համար: