Թանգարանների միջազգային օրվա միջոցառումների շրջանակներում` մայիսի 18-ին, «Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքո, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կայացել է արդեն ամենամյա դարձած` «Ժողովրդական պարերի խորին խորհուրդը» կրթամշակութային ծրագիրը: Ինչպես «տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, ներդաշնակ պարերով հյուրերի, զբոսաշրջիկների համար ելույթ է ունեցել Վանաձորի Գրիգոր Հախինյանի անվան «Հորովել» երգի-պարի անսամբլը:

 

Համերգ-միջոցառումը բաղկացած է եղել երկու` համերգային և պարուսուցման փուլերից: Մեկ ու կես ժամ տևած միջոցառման ընթացքում պարային համույթի ավելի քան 20 պարողներ կատարել են մեկ տասնյակ ազգագրական և ժողովրդական պարեր, ներկայացվել են Թանգարանների միջազգային օրվա խորհուրդը և հայկական ավանդական պարերի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կենցաղում և սովորույթներում, դրանց առնչվող պատմություններն ու ավանդապատումները:

 

Միջոցառումը վարել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լավագույն բարեկամ, պատմամշակութային ժառանգության հանրահռչակման գործում իր ուրույն ավանդը ներդրած Վանաձորի դրամատիկական թատրոնի դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը:

 

Ծրագրի ավարտին այցելուների համար պարուսուցում է կազմակերպվել, բացատրվել են պարաքայլի իմաստն ու կատարման ձևերը: Պարային համույթի կատարողները միջոցառման ավարտին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից արժանացել են նվեր-մրցանակների: «Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի» հանրահռչակման ասպարեզում ցուցաբերած գործուն մասնակցության համար «Հորովել» երգի-պարի անսամբլը պարգևատրվել է ՊՈԱԿ-ի պատվոգրով: