«Թեքեյան» մշակութային միության և Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ, պատկերասրահի որմնանկարների դահլիճում կայացել է մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի և Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի «Սոցիալիստական ռեալիզմը և խորհրդահայ կերպարվեստը» խորագրով պատկերագրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, պատգամավորներ, արվեստի բուհերի ռեկտորներ, արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ:
Միջոցառման սկզբում ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը գիտության և մանկավարժության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար Ռուբեն Միրզախանյանին և Հրավարդ Հակոբյանին պարգևատրել է ԱԺ «Պատվո մեդալ»-ով:
Գրքի լույս ընծայման համար շնորհավորական խոսքեր են ասել կրթության և գիտության, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ՝ ընդգծելով, որ պատկերագիրքը լավագույն նվեր է ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ արվեստի բուհերի համար:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը կարևորել է գրքի հրատարակումը՝ նշելով, որ խորհրդային իշխանության փլուզումից հետո անկախության խանդավառ մթնոլորտում ժխտվեց խորհրդային տարիներին ստեղծված ամեն ինչ և մինչ օրս այդ տարիների մշակույթի, հասարակական գիտությունների և կյանքի շատ երևույթներ խորապես ուսումնասիրված չեն: «Վստահեցնում եմ՝ այդ տարիների գործերը ստեղծվում էին այնպիսի գեղագիտական վարպետությամբ և պրոֆեսիոնալիզմով, որ չի կարելի անտեսել. դա արժեքավոր, սակայն մինչ օրս խորությամբ և ըստ արժանվույն չուսումնասիրված շրջան է»,- նշել է ակադեմիկոսը:
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իր շնորհավորանքի խոսքում նկատել է, որ բոլորն զգուշորեն են ներկայացնում սոցիալիստական ռեալիզմը և հորդորել է ամբողջությամբ սևով չներկել այդ ժամանակաշրջանը: «Սոցիալիզմի դարաշրջանը անցյալ է, սակայն իրականություն: Քար նետելով սոցիալիզմի դարաշրջանին՝ ազգասեր չեք լինի. պարզապես պետք է խուսափել շովինիզմից և լինել ազգային. անցյալն ապրում է հենց մշակույթի մեջ»,- նշել է առաջնորդն ու հորդորել ուղիղ հայացքով վերաբերվել պատմությանը, վերհանել ու սանելին և ստեղծել կենդանի հաղորդակցություն՝ ժամանակաշրջանը հասկանալու համար:
Ռուբեն Միրզախանյանը շնորհակալություն է հայտնել պատկերագրքի ստեղծմանը մասնակցած մարդկանց, հովանավորներին, և տեղեկացրել է, որ գրքի վաճառքից ստացված հասույթն օգտագործվելու է բացառապես բարեգործական նպատակներով:
Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվել է այդ դարաշրջանը բնութագրող տեսաֆիլմ, ինչպես նաև կատարումներով հանդես է եկել Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի նվագավարությամբ, ինչպես նաև երգչուհիներ Աննա Մայիլյանն ու Մաշա Մնջոյանը, Նարեկ Մակարյանը: