Լոնդոնի M&M Hair Academy գեղեցկության սրահի մենեջեր Մո Նաբախի նախաձեռնությամբ` վարսավիրանոցի գովազդային պաստառին հայտնվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի նկարը: «Ձեր սանրվածքը լավը չէ՞: Ապրիլին մեր վարսավիրանոցում դուք կարող եք ունենալ նորաոճ սանրվածք` 15 տոկոս զեղչով» գովազդային պաստառն ու Հյուսիսային Կորեայի առաջոնրդի նկարը հետաքրքրել են անցորդներին և վարսավիրանոցում սկսվել է իսկական իրարանցում:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, գովազդային պաստառի տեղադրումից մեկ շաբաթ անց տղամարդ հաճախորդների այցելությունը եռապատկվել է:
Գովազդային պաստառի գաղափարը հետաքրքրել է նաև Մեծ Բրիտանիայում Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության դեսանատան աշխատակիցներին: Նրանք նախ մի քանի լուսանկար են կատարել, իսկ մի քանի օր անց կրկին այցելել են վարսավիրանոց և պահանջել մենեջերից հեռացնել գովազդային պաստառը: «Մենք ոչ թե Հյուսիսային Կորեայում ենք, այլ Մեծ Բրիտանիայում»,- հայտարարել է մենեջերը` հավելելով, որ իր գործողություններում չի անցել կոռեկտության սահմանը: Ավելի ուշ դեսպանատան աշխատակիցները դիմել են ոստիկանությանը, սակայն պարզվել է, որ իրավական առումով էլ վարսավիրանոցը ոչ մի խախտում չի կատարել: Դեսպանատան ներկայացուցիչները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ լրատվամիջոցներին, միայն հավելել են, որ, ամենայն հավանականությամբ, վարսավիրանոցի մենեջերի հետ հարցերը կպարզաբանեն դատարանում: