Երգիչ Էրիկն իր երկրպագուների դատին նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը կոչվում է «Իմ կարոտն է»: Երաժշտության հեղինակը հենց ինքը` Էրիկն է, իսկ խոսքերի հեղինակը` Գայանե Ավետիսյանը: Երգը նոր չէ, այն արդեն հինգ տարվա պատմություն ունի, սակայն միայն վերջերս է հաջողվել երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել:

Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում Էրիկը պատմեց տեսահոլովակի նկարահանման ընթացքից.

«Միշտ ցանկացել եմ` այս երգը տեսահոլովակ ունենա, փաստորեն, եկավ այդ պահը: Նկարել ենք իմ շատ սիրելի և հարազատ ընկեր, ռեժիսոր Արեն Բայադյանի հետ: Հայաստանում առաջին տեսահոլովակն է, որ նկարահանվել է Arri Alexa տեսախցիկով: Այն օգտագործում են` արտասահմանյան տեսահոլովակներ նկարահանելիս: Փորձել եմ որակով, մատչելի և, միևնույն ժամանակ, հուզիչ տեսահոլովակ ստեղծել: Սա այն երգն է, որ ծնվել է իմ մեջ և կշարունակի ապրել իմ հոգում»,-պատմում է Էրիկը:

-Ի՞նչ եք կարծում, Ձեր նոր երգը կսիրվի՞ հասարակության կողմից այնքան, որքան սիրվել են Ձեր նախկին երգերը, ինչպես օրինակ «Առաջին ու միակը»:

-Ես երբեք չեմ կանխագուշակում իր երգերի ապագան: Ուղղակի երգում եմ, ինչպես զգում եմ, վստահ եմ, որ իմ հանդիսատեսը նույնպես զգում է այն ամենը, ինչ ես վերապրում եմ երգելիս: Դա իմ երգի հաջողության գրավականն է:

 

-Այս օրերին գտնվում եք ԱՄՆ-ում: Ի՞նչ աշխատանքներ եք տանում այդտեղ, ի՞նչն է Հայաստանից դուրս գալու պատճառը:

-Լոս Անջելեսի Pasadena Civic համերգային դահլիճում ես, Արսեն Սաֆարյանը, Ինգա և Անուշ Արշակյանները կանանց տոնի կապակցությամբ համերգային ծրագիր ունենք:

-Ի՞նչ նոր նախագծերում կարող ենք Ձեզ տեսնել:

-Անցած տարվա ընթացքում մի քանի տեսահոլովակ եմ պատրաստել, որոնք կտեսնեք եթերում: Իսկ այս տարի արդեն սկսել եմ ստեղծագործական բուռն աշխատանք տանել, որպեսզի իմ երգերն ավելի հաճախ լսի իմ հանդիսատեսը:

Իսկ հարցին, թե Էրիկն ինչ նորություններ ունի իր անձնական կյանքում, երգիչը թողեց ամեն ինչ և ոչինչ չնշանակող բազմակետեր: