ԱՄՆ-ում բնակվող երգիչ Արմենչիկը չի դադարում իր երկրպագուներին ուրախացնել իր ստեղծագործական նորություններով և համերգներով: Շուտով պատրաստ կլինի նրա նոր տեսահոլովակը, որտեղ նա կոչ է անում մարդկանց լինել բարի: ArmStar.am-ը կապ է հաստատել երգչի հետ ու պարզել մի քանի մանրամասներ նրա աշխատանքների, որդու և Հայաստան այցելության մասին:
Ինչո՞վ եք այսօր զբաղված:
Ինչպես միշտ ես այսօր էլ զբաղված եմ բուռն ստեղծագործական կյանքով՝ նոր երգերի ձայնագրություններով ու համերգներով:
Գիտեմ, որ շուտով նոր տեսահոլովակ եք ներկայացնելու: Կպատմե՞ք դրա մասին:
Այո տեսահոլովակն արդեն նկարահանված է և ներկայում գտնվում է մոնտաժային փուլում: Նկարահանումները տեղի են ունեցել Լոս Անջելոսում, ամեն ինչ շատ լավ է անցել: Ասեմ նաև, որ այն շատ խորը և ուսուցողական բնույթ ունի, իսկ երգն էլ կոչվում է «Եղեք բարի»:
Նոր զուգերգեր չեն սպասվո՞ւմ:
Նոր զուգերգեր, այո, կլինեն, բայց այս պահին կոնկրետ անուն չեմ ուզում նշել, միայն կարող եմ ասել, որ այն կլինի արտասահմանյան շոու-բիզնեսից:
Այս տարվա կտրվածքով ի՞նչ անելիքներ ունեք:
Այս տարի արդեն հասցրել եմ ներկայանալ մի քանի համերգներով, իսկ ահա ապրիլի 7-ին պատրաստվում եմ մեկնել Մոսկվա՝ մասնակցելու կանանց տոնին նվիրված մեծ համերգի:
Իսկ հայաստանյան ձեր հանդիսատեսի համար մեր երկրում մենահամերգ սպասվո՞ւմ է:
Հայաստանում ամռանը նույնպես սպասվում է մեծ մենահամերգ և այս պահին քննարկվում են տեղն ու օրը:
Ի՞նչ հաճախականությամբ եք լինում Հայաստանում:
Հայաստանում լինում եմ շատ հաճախ՝ տարվա մեջ երկու անգամ պարտադիր:
Ինչպե՞ս է իրեն զգում փոքրիկ Մայքլը:
Մայքլն իրեն հիանալի է զգում, շատ արագ է մեծանում: Քայլում է ու կամաց-կամաց խոսում:
Երաժշտության հանդեպ սեր նկատու՞մ եք փոքրիկի մոտ:
Երգի հանդեպ սեր արդեն զգացվում է, քանի որ Մայքլը հաց է ուտում միայն երբ միացված է Յութուբը: Ասեմ, որ լսում է ինչպես իմ, այնպես էլ տարբեր երգիչների երգերը:
Կցանկանա՞ք որ նա նույնպես երգի:
Այս պահին դժվարանում եմ ասել, բայց եթե ինձնից լավ երգի՝ այո, եթե ոչ՝ապա թող դառնա մեկ այլ մասնագետ, կարևորն այն է, որ նա լավ մարդ լինի ու իր ծնողներին հպարտանալու առիթ տա: