Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերն օրերս հանրությանը ներկայացրեց իր առաջին ձայնասկավառակը, որի շնորհանդեսն ուղեկցվեց էթնո-ջազ համերգային ծրագրով:Life.panorama.am-ը երաժիշտի հետ զրուցել է նրա ծրագրերի, ԱՄՆ-ում աշխատելու, պապի աջակցության մասին, ինչպես նաև անդրադարձել է նրա կյանքի ամենավառ պահերին:
-Վերջերս հանրությանը ներկայացրիք Ձեր առաջին ձայնասկավառակը` Roots խորագրով: Որքա՞ն ժամանակում եք պատրաստել CD-ն, ի՞նչ հանգամանք կառանձնացնեիք այն բնութագրելիս:
-Ձայնասկավառակը պատրաստելը տևեց մեկ տարի: CD-ն ձայնագրվել է Երևանում: Դրանում ներառված են 12 ստեղծագործություններ, որոնք անդրադառնում են հայկական երաժշտության արմատներին` ժամանակակից մշակմամբ: Գործիքավորումը կատարվել է 4 դուդուկի համար: Մի հետաքրքիր բան, կա` Ջիվան Գասպարյան ավագի հնարած բաս-դուդուկի նվագակցությունը: Գործիքավորումն արել են պապիկս և կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը:
-Շուտով կթողարկեք նաև ձեր երկրորդ ձայնասկավառակը, որի համար 8 ստեղծագործություն արդեն ձայնագրել եք, այս մեկն ինչո՞վ է առանձնանալու նախորդից:
-Նոր սկավառակը ներառելու է բոլորովին այլ ժանրի երաժշտություններ` ջազ, բլյուզ: Այն պատրաստվելու է 50-60-ականների ջազային ոճով:
-Դուդուկով փող վաստակելու համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծված են Հայաստանո՞ւմ, թե՞ ԱՄՆ-ում:
-ԱՄՆ-ում աշխատանքային հեռանկարներն ավելի տեսանելի են. լինում են առաջարկներ ֆիլմերից, տրվում է տարբեր հայտնի ակումբումներում հանդես գալու հնարավորություն: Բայց պետք է նկատել նաև, որ վարձատրվելու հանգամանքը կախված է երաժիշտից, նրա հայտնի լինելուց: Փող վաստակելու առումով շահեկան են համերգները: Եթե նախկինում ալբոմներ թողարկելու միջոցով հնարավոր էր լավ վաստակել, այսօր համացանցը մեծապես խոչընդոտում է այդ գործընթացին:
-Ամեն դեպքում դուք, լինելով երկքաղաքացի, հաճախ եք լինում նաև Հայաստանում. ի՞նչ են տալիս հայաստանյան այցերը ձեզ`որպես դուդուկահարի:
-Սովորելու, կատարելագործվելու հանգամանքը հաշվի առնելով` կարող եմ ասել, որ դուդուկահարի համար ավելի լավ է ապրել Հայաստանում` երաժիշտների հետ շփվելու, փորձի փոխանակման համար: Հիմա էլ ես տեղափոխվել եմ Երևան, որ ինքս ինձնով ավելի շատ զբաղվեմ. ԱՄՆ-ում կատարելագործվելու ժամանակ չի մնում:
- Ձեր հաջողությունները հաճախ վերագրում են ձեր պապին. Ջիվան Գասպարյանի թոռը լինելու հանգամանքը որքանո՞վ է օգնել և որքանո՞վ է խոչընդոտել կայանալու համար:
-Եթե պապս չլիներ, ես այս գործով չէի զբաղվի. նա է ինձ ոգեշնչել: Սկզբում որոշել էի դեղագործ դառնալ, բժշկական դպրոց ընդունվել, տվյալներս էլ լավն էին: Բայց հետո ամեն բան փոխվեց: Հայաստանում երբեք դուդուկ չէի նվագել, ամեն բան սկսվեց ԱՄՆ-ում` հայրենիքի հանդեպ կարոտից: Երբ պապս լսում էր իմ նվագը, ասում էր, որ լավ է ստացվում, հետո, տեսնելով, որ կատարելագործվում եմ, վերցրեց իր խումբ: Իսկ իմ հաջողությունները պապիս վերագրելու միտումներ զգացի, երբ Ջիվան Գասպարյանի անվան դուդուկահարների մրցույթին ճանաչվեցի լավագույնը և արժանացա ոսկե մեդալի: Այդ ժամանակ որոշ մարդիկ ասացին. «Դե այդպես էլ պետք է լիներ...»: Իսկ հետո, երբ 2011-ին արժանացա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակին, նախ` ես ինքս ինձ ապացուցեցի, ու նաև այդ մարդիկ համոզվեցին, որ ես լավ երաժիշտ եմ:
Շարունակությունը՝ այստեղ: