Թարմ, հետաքրքիր զգացողություննե՞ր ես ուզում: Միշտ հիշիր' ձեր ամենասովորական օրն էլ կարելի է տոնական ու յուրահատուկ դարձնել փոքրիկ ռոմանտիկ անակնկալների շնորհիվ։

Ըստ Գայանե Գալստյանի

Հոգեբան' Վերգինե Եսայան

 

1. Զբոսանք այգո՞ւմ. Ո՛չ, շատ ավելին...

Եթե որոշել եք գնալ զբոսնելու, ապա ժամադրիր նրան Բուսաբանական այգու դիմաց, իսկ ինքդ գնա մեկ ժամ ավելի շուտ: Հետդ վերցրու ծածկոց, մի շիշ գինի (շամպայն) և մրգեր: Մինչ նրա գալն այգու մուտքից մինչև ընտրված վայրը ծառերի վրա գունավոր թղթիկներ փակցրու ու այդպիսով հուշիր ճանապարհը: Իսկ պայմանավորված ժամին նրան sms ուղարկիր. «Ուշանում եմ: Կարող ես այգում սպասել: Տես' ինչ է եղել այդտեղի ԾԱՌԵՐԻՆ»: Գուշակիր, թե ինչ հուզված դեմքով նա կհայտնվի' ձեռքում գունավոր թղթիկներն, ու էլ ավելի կզարմանա' տեսնելով քեզ ծածկոցին նստած, ձեռքումդ՝ գինու բաժակ:

 

2. Համբույր' ծիծաղի դիմաց

Համբույրը երբեք քիչ չի լինում. ավելի հաճախ համբուրվելու համար առաջարկիր նրան մի խաղ, որը երկուսիդ էլ շատ դուր կգա: Կանոնները պարզ են' համբույր' ծիծաղի դիմաց: Բայց սա ամենը չէ. տեսավարձույթի սրահից վերցրու շատ զվարճալի մի կատակերգություն, ու այն դիտելու ընթացքում ով առաջինը սկսի ծիծաղել, պետք է համբուրի մյուսին: Դե իսկ եթե շատ ծիծաղելի ֆիլմ լինի, վախենամ' չկարողանաք մինչև վերջ դիտել :-)

 

3. Սպասումը երկարաձգում է հաճույքը

Ժամանակ առ ժամանակ նրա համար փոքրիկ նվերներ պատրաստիր' բաժակ, նրա սիրած ֆուտբոլային թիմի նշանով որևէ հուշանվեր, մի խոսքով' կարևոր չէ, թե ինչ. կարևորն այս դեպքում մատուցման ձևն է: Ասա, որ նրան նվեր է սպասվում, ու տուր փոքրիկ բացիկ, որի մեջ գրված կլինի հաջորդ բացիկի տեղը (ամենավերջին բացիկում նշիր, թե որտեղ է դրված նվերը): Համոզված եմ' քեզ համար շատ հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպես է նա անհամբեր երեխայի նման վազվզում սենյակներում, որպեսզի գտնի հերթական բացիկն ու վերջապես հասնի նվերին:

 

4. «Այդ ի՞նչ ես գրել... չեմ համբերում»

Գնիր որևէ նկարով փազլ (100-200 մասից բաղկացած), հավաքիր այն ու հետևի կողմում գրիր սիրո խոստովանություն կամ որևէ ռոմանտիկ երկտող: Այնուհետև քանդիր հավաքածդ ու փազլը նվիրիր նրան: Եթե ցանկանում ես, որ փազլը լինի քո նկարով, խնդիր չէ. Երևանում կան մի քանի ընկերություններ, որոնք պատրաստում են պատվերով փազլներ:

 

5. «Ես քեզ սիրում եմ»' ամեն անկյունում

Պատկերացրու մի պահ. նա գնում է աշխատանքի (կամ դասի), ու հագուստի բոլոր գրպաններում, նոութբուքի պայուսակում, մի խոսքով' ամենուրեք քո սիրո խոստովանություններով սրտաձև թղթիկներ են: Բայց զգույշ եղիր. այս անակնկալը խորհուրդ չէի տա մատուցել այն օրը, երբ նա կարևոր գործնական հանդիպման կամ ժողովի է:

Cosmo հոգեբան: Խորհուրդ չէի տա շատ տարվել նման անակնկալներ պատրաստելով: Հիշիր, որ տղամարդն ունի այլ պահանջմունքներ ևս: Առաջին հերթին դա «նվաճողի», «որսորդի» բնազդն է: Նույնիսկ հետաքրքիր և անակնկալներով լի կինը կարող է ձանձրացնել, եթե միշտ լինի «մատչելի»:

 

6. «Քեզ շնորհում եմ լավագույն սիրեկանի տիտղոս»

Սպորտային խանութներում վաճառվում են տարբեր գավաթներ. գնիր մեկը և միասին անցկացրած գիշերից հետո նվիրիր նրան: «Դու աշխարհի ամենալավ սիրեկանն ես» խոսքերի ուղեկցությամբ շնորհվող գավաթից նա ուղղակի կկորցնի գլուխը:

Cosmo հոգեբան: Եթե կա իսկական սեր, ապա դժվարություններն ու փորձությունները միայն ավելի ամուր կդարձնեն այն: Իսկ եթե դա ընդամենը սիրահարվածություն է, և դու փորձում ես տարբեր հնարքներով երկարաձգել այդ հարաբերությունները, մի պահ մտածիր՝ արդյո՞ք արդարացված են ջանքերդ:

 

Շարունակությունը՝ այստեղ: