Գաղտնիք չէ, որ նիհարելու համար, առաջին հերթին, պետք է հրաժարվել այնպիսի սննդատեսակներից, ինչպիսիք են, օրինակ, կարտոֆիլի չիփսերը: Սակայն քչերին է հայտնի, որ կարտոֆիլի չիփսերը կարելի է փոխարինել այնպիսի չիփսերով, որոնք ոչ միայն օգտակար են, այլև' չեն գիրացնում:
Կաղամբի չիփսեր
Եթե մինչ օրս ձեզ բախտ չի վիճակվել փորձել կաղամբից պատրաստված չիփսեր, ապա դուք շատ բան եք կորցրել: Կաղամբը վիտամին C-ի անսպառ աղբյուր է. այդ արժեքավոր նյութը կաղամբում ավելի շատ է, քան նույնիսկ կիտրոնի կամ նարնջի մեջ։ Կաղամբը հարուստ է նաև B, P, K խմբի վիտամիններով, ինչպես նաև' "հակախոցային գործոն" համարվող U վիտամինով։
Հին Եգիպտոսում խաշած կաղամբը մատուցում էին որպես աղանդեր' հավատացած լինելով, որ այն բարելավում է մարսողությունը, իսկ հին հռոմեացիները կաղամբի հյութն օգտագործում էին ուժեղ գլխացավերի դեպքում և խորապես հավատացած էին, որ այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը զանազան հիվանդությունների, այդ թվում' ժանտախտի հանդեպ։
Կաղամբում կան մեծ քանակությամբ ծծումբ, կալցիում, կալիում, ֆոսֆոր պարունակող հանքային նյութեր, ինչպես նաև' լիզոցիմ, որն օժտված է մանրէասպան հատկություններով։
Ածխաջրի ցածր տոկոսայնության շնորհիվ այն ծայրաստիճան օգտակար է շաքարային դիաբետով տառապող հիվանդներին։ Այնպես որ, եթե փորձեք կաղամբի թերթիկները պատրաստել քունջութով և ծովի աղով համեմված, կափսոսաք, որ մինչ այդ միայն կարտոֆիլի չիփս էիք ուտում: