Հիասթափությունը հարաբերությունների ամենամեծ թշնամին է… Եվ այդ «թշնամին արդեն երկրորդ անգամ այցելել է Լիկա Մեսրոպյանին». առաջին անգամ՝ հանդիսատեսի, երկրորդ անգամ՝ որոշ լրագրողների օգնությամբ: Թեև ասում են՝ բոլորին մեկ արշինով մի չափիր, սակայն կենսախինդ և զրուցասեր Լիկան այժմ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ դարձել է զգուշավոր և քչախոս, ինչն էլ որոշ չափով դժվարացրեց մեր շփումը: Բայց, կարևորը, որ այդ հակիրճ պատասխաններից անգամ ՍԵՐ էր ճառագում. սեր առ ապրած ամեն օր, սեր առ ընտանիք, սեր առ ամուսին… Life.panorama.am-ի զրուցակիցն է Լիկա Մեսրոպյանը:

-Լիկա, ինչո՞վ են ձեզ բարկացրել իմ գործընկերները, որ այլևս չեք ուզում շփվել:

-Ես շատ շուտ եմ վիրավորվում ու հիասթափվում: Ինչպես ժամանակին հիասթափվեցի հանդիսատեսից, հիմա էլ այդպես հիասթափվել եմ լրագրողներից…Բավական է տվյալ բնագավառի մեկ ներկայացուցիչ ինձ նեղացնի, ես նեղանում եմ բոլորից… Իսկ պատճառն այն է, որ խոսքերս ամբողջովին աղավաղված էին գրել, Խորենի ծնունդի ժամանակ մի ամբողջ պատմություն էին հորինել… Այո, հենց այդպես, մոգոնել էին՝ սեփական վարկանիշը բարձրացնելու և ինձ նսեմացնելու մտադրությամբ… Գիտեք, երբ մի մարդու հետ սիրով համագործակցում ես ու ամեն ինչ թերի ես ստանում, բնականաբար, սկսում ես խուսափել նրանից…

-Դե, մենք չենք պատրաստվում ձեր խոսքերը փոփոխության ենթարկել, դա մեր ոճը չէ… Կարծում եմ՝ միմյանց չենք հիասթափեցնի…

-(Ժպտում է)… Ես հակիճ կպատասխանեմ: Ինքս էլ կարող եմ որևէ նախադասություն ճիշտ չկազմել ու դուք այդ սխալը… Դե, ամեն դեպքում դեռևս զգուշանում եմ…

-Ես մտածեցի՝ հավանաբար Ձեր ամուսինը՝ Խորեն Լևոնյանն է դեմ, որ հարցազրույցներ տաք:

- Ո՛չ, ո՛չ, բացառված է, ինքն արվեստի մարդ է, ինչո՞ւ պետք է դեմ լինի:

-Դե լավ, անցնենք մեր զրույցին: Այժմ գործնականում ինչո՞վ եք զբաղված:

-Իմ սիրած աշխատանքով և իմ ընտանիքով:

-Մի անգամ զրույցի ընթացքում ասացիք, որ գուցեև վերադառնաք ձեր մասնագիտությանը: Այդ ցանկությունն ու մտադրությունը դեռ կա՞, թե ոչ:

-Առայժմ չկա, հետագայում՝ չգիտեմ… Հիմա ուզում եմ իմ բոլոր ուժերն ու ժամանակը ընտանիքիս նվիրել…

-Դե դեռևս փոքրիկ ընտանիք եք՝ երկու հոգի, կհասցնեք…

-Ինձ համար ժամանակը շատ արագ է թռչում, չեմ ցանկանում ոչ մի վայրկյան կորցնել…

-Ի դեպ, դերասանուհին դարձավ հրուշակագործ… Այդ սերը որտեղի՞ց է ծագել:

-Երևի թե տատիկիցս, ով շատ լավ էր թխում, ինձ էլ թխել էր սովորեցնում: Իսկ տատիկիս մայրը եղել է այն ժամանակվա ցեկայի ճաշարանի ավագ խոհարարը… Երևի սերը գեներով հասել է ինձ…

-Ասում են՝ մարդիկ չեն սիրում այն, ինչ պատրաստում են…

-Ես «Լակիի» բոլոր խմորեղեններն էլ սիրում եմ, այնտեղ միայն իմ սիրած թխվածքներն են:

-Ձեզ նայելիս չէի ասի, որ քաղցրավենիքի նկատմամբ մեծ սեր ունեք: բոլորովին չեք գիրացել:

-Մեզ մոտ ամեն ինչ բնական հումքով է պատրաստվում, դրա համար ես խնդիրներ չունեմ…Եթե արհեստական հավելումներ չկան, նշանակում է՝ խնդիրն էլ չկա: Ընդամենը քիչ քանակությամբ շաքար է ու ալյուր, որը, կարծում եմ, չպետք է ազդի օրգանիզմի վրա:

-Կա՞ թխվածք, որը ժառանգել եք տատիկից ու որոշել, որ պետք է ձեր ֆիրմայում միշտ լինի:

-Այո, իհարկե՝ մեղրովը, Նապոլեոնը… Հիմնականում այն, ինչը զարդարում է մեր ավանդական ամանորյա սեղանները:

 

Շարունակությունը` այստեղ: