Հայկական շոու-բիզնեսի ամենաքննարկվող զույգը' Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտիչյանը վերջերս ամուսնացան: Հռիփսիմեն Life.panaorama.am-ի հետ զրույցում անդրադարձավ իր հղիության մասին լուրին, պատմեց հարսանեկան արարողության, իր ձեռագործ զգեստի, ամուսնուն մատուցած անակնկալի ու իր ապագա ծրագրերի մասին:

 

-Ինչպե՞ս սկսվեց ձեր սիրո պատմությունը: Որտե՞ղ եք ծանոթացել Մարտինի հետ:

-Մեր պատմությունը սկսվել է հասարակ ընկերությունից: Սկզբում երկուսս էլ քրոջ ու եղբոր աչքով էինք իրար վերաբերվում: Ժամանակի ընթացքում անգամ չհասկացանք ինչպես, բայց մեր զգացմունքները վերափոխվեցին: Քանի որ մենք նույն ասպարեզից ենք, հաճախ էինք իրար հետ շփվում, մինչև մի օր Մարտինը խոստովանեց, որ սիրահարված է ինձ: Բավականին երկար ժամանակ ենք ընկերություն արել' մոտ երեք տարի և այս տարի նոր որոշեցինք օրինականացնել մեր հարաբերությունները:

 

-Հարսանիքից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, թե հղի եք: Եր՞բ եք պատրաստվում մայրանալ:

-Այդ լուրերը, հավանաբար, տարածվել են այն պատճառով, որ ես վերջերս գնումներ եմ կատարում մանկական խանութներից: Մանկական հագուստ կամ պարագաներ գնելու պատճառը քրոջս երեխա ունենալն է: Նրա բալիկը ծնվել է երկու ամիս առաջ: Իսկ ես կմայրանամ, երբ Աստված կամենա: Դա կնոջ ամենացանկալի, գեղեցիկ ու սպասելի պահերից մեկն է և հղիությունը չեն պլանավորում:

 

-Ու՞մ պատրաստած հարսանեկան զգեստն եք կրել: Լուրեր են պտտվում, որ այն ձեռքի աշխատանք է:

-Ոչ միայն հարսանեկան զգեստը, այլ նաև ողջ արարողությունը դետալ առ դետալ մշակված է եղել: Հարսանյաց զգեստի պատրաստումը վստահել եմ «Էլսի» հարսանյանց սրահին'Լիաննային: Բավականին բարդ և երկար ժամանակ պահանջվեց զգեստի պատրաստման համար, անգամ իմ պատկերացրած կտորը գտնել չէինք կարողանում: Զգեստը ամբողջությամբ ձեռքի աշխատանք է, իսկ ոճաբանը, ով պատասխանատու է ոչ միայն հարսանյաց զգեստի, այլ ողջ արարողության համար, Արայիկ Գաբաջյանն է:

Հռիփսիմե Հակոբյանը` մինչամասունական հղիության ու իր թանկարժեք հարսանեկան զգեստի մասին

 

-Իսկ որքա՞ն արժեր ձեր հարսանեկան զգեստը:

-Խելամիտ չի լինի ասել, թե որքան արժեցավ այն, սակայն բավականին թանկ, քանի որ յուրաքանչյուր դետալ մանրակրկիտ մշակված է եղել:

 

-Հարսանեկան խնջույքի ընթացքում անակնկալներ եղա՞ն:

-Ես կատարեցի Վահրամ Պետրոսյանի գրած «Հարսի պար» երգը: Մի քանի ամիս շարունակ նախապատրաստել էի այդ անակնկալը Մարտինի համար, որի մասին նա անգամ պատկերացում չուներ: Հարսանիքի օրը միայն Մարտինը իսկապես անակնկալի եկավ և շատ ուրախացավ: Նույն այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու գաղափարը նրան է պատկանում:

 

-Ինչո՞ւ որոշեցիք պսակադրությունը անցկացնել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում:

-Դեռ մանկուց միշտ երազել եմ հենց այդ եկեղեցում կատարել իմ պսակադրությունը: Երկուսիս համար էլ իմ ցանկությունը ընդունելի եղավ, և որոշեցինք Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում ամուսնանալ:

 

-Որտե՞ղ անցկացրեցիք մեղրամիսը:

-Դոմինիկյան Հանրապետությունում, դա երկուսիս միտքն է եղել, պարզապես ցանկանում էինք լինել մի վայրում, ուր երբեք չէինք եղել: Բայց այնտեղ ենք գնացել երկու զույգով, ովքեր ևս նոր էին ամուսնացել: Որոշեցինք, որ նորապսակ երկու զույգ ավելի հետաքրքիր կարող ենք դարձնել հանգիստը: Հիշում եմ այդ ընթացքում մի արտասովոր ու վախենալու դեպք պատահեց: Որոշեցինք շատ փոքրիկ ուղղաթիռով անցնել օվկիանոսի վրայով և հասանք մի վայր, որ անսահման գեղեցիկ էր: Վերադարձին ուժեղ քամի սկսվեց և մենք սարսափով սպասում էինք, որ հիմա ինքնաթիռը կկործանվի, բայց փառք Աստծո, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց:

 

-Մարտինն անակնկալներ մատուցել սիրո՞ւմ է: Կմտաբերե՞ք նրա կողմից ստացած ամենավերջին նվերը:

-Չափավոր խանդոտ է, որը նաև հաճելի է և հումորի զգացումով օժտված: Անակնկալներ մատուցել, իհարկե, սիրում է և ամենահիշարժան անակնկալը իմ ծննդյան տարեդարձին մատուցած նվերն էր: Մարտինը կազմակերպել էր շատ մեծ խնջույք, որին հրավիրված էին մեր գրեթե բոլոր հարազատները, այնինչ ես կարծում էի, որ մենք այդ օրը ունենալու ենք երկու հոգու համար նախատեսված ճաշկերույթ:

 

-Պատրաստել սիրո՞ւմ եք և ո՞րն է ձեր սիրելի բաղադրատոմսը:

-Թեև զբաղվածությունը շատ հաճախ խանգարում է երկար ժամանակ լինել խոհանոցում, բայց հնարավորության դեպքում փորձում եմ համեղ ուտելիքներ պատրաստել, ի դեպ վատ չի ստացվում: Մեծ հաճույքով սիրում եմ հայկական դոլմա պատրաստել, որը Մարտինի ամենասիրելի ուտեստներից է:

 

-Ամուսնությունից հետո ի՞նչ փոխվեց ձեր հարաբերություններում:


-Փոփոխությունն այն է, որ քո կյանքում սկսվում է նոր փուլ: Ամուսնությունից հետո մեր զգացմունքներում դրական տեղաշարժից բացի, բացասական ոչինչ չի ավելացել: Տարբերությունը, թերևս, այն է, որ քո սիրելիի հետ ապրում ես նույն հարկի տակ և կենցաղ վարում, բայց անգամ կենցաղը չի անդրադարձել մեր հարաբերությունների վրա: Եթե երկու խելացի մարդիկ փորձում են հնարավորինս փոխզիջող լինել ու միմյանց հասկանալ, ամեն ինչ հարթ կընթանա թե ընկերության, թե ամուսնության ընթացքում:

 

-Ի՞նչ ծրագրեր ունեք:

Նոր երգ և տեսահոլովակ եմ պատրաստում, որը եթեր կհեռարձակվի մինչև տարվա վերջ, բայց առայժմ ուզում եմ փակագծերը չբացել: