Հայտնի ամերիկացի երգչուհի Լեդի Գագան տիեզերքում ելույթ ունեցած առաջին կատարողը կդառնա. նա մտադիր է իր երգերից մեկը կատարել Երկիր մոլորակի ուղեծրի վրա 2015 թվականի սկզբին, գրում է ria.ru-ն՝ հղում անելով US Weekly ամսագրին:

Ամսագրի տվյալներով՝ Լեդի Գագան պատրաստվում է տիեզերք թռչել Virgin Galactic տիեզերանավով՝ Zero G Colony եռօրյա երաժշտական փառատոնի շրջանակներում։ Տիեզերքում նրա ելույթը կհեռարձակվի փառատոնի ժամանակ և պետք է դառնա ծրագրի մեխը: Ամսագրի տեղեկություններով՝ տիեզերական ելույթից առաջ երգչուհին պետք է հատուկ վոկալային դասընթացներ անցնի:

Տիեզերք թռչելու մասին ամերիկյան Virgin Galactic ընկերության հայտարարած առաջարկից հետո, տիեզերագնաց զգալու պատրաստակամություն է հայտնել արդեն մոտ 600 մարդ: Նրանց թվում է Էշթոն Քաթչերը, երգչուհի Սառա Բրայթմանը, որոշ տեղեկություններով՝ Թոմ Հենքսը, Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին: Նրանք վճարել են 250 հազար դոլար դեպոզիտային վճար: