Մեկ տարի առաջ էր, երբ երգչուհի Քրիստինե Պեպելյանը Մարզահամերգային համալիրում մենահամերգով ներկայացավ և հաճելի երեկո պարգևեց իր հանդիսատեսին: Այժմ երգչուհին նախապատրաստական աշխատանքներ է տանում ևս մեկ հիշարժան օր ունենալու համար: Նրա «Շնորհակալ եմ» խորագրով մենահամերգը կկայանա նոյեմբերի 15-ին' «Յանս» ակումբում:

 

«Նոյեմբերի 15-ին մեծ ուրախությամբ կերգեմ բոլոր նրանց համար, ովքեր կգան ու կողքիս կլինեն: Երկար ժամանակ է, ինչ պատրաստվում ենք: Չնայած իմ նվագախումբն անգիր գիտի համերգային ծրագիրը, նոր երգեր էլ են լինելու և պետք է լավ պատրաստվել»,- ասաց Քրիստինեն, ով նախատեսում է երկու ժամ երգել իր հայտնի և սիրված երգերն ու պրեմիերաներ ներկայացնել:

 

Երգչուհին նշեց, որ շոու ծրագրերի սիրահար չէ,այդ պատճառով էլ ոչ մի հատուկ բան չի պատրաստում, բայց հուսով է' ուրախ ու հաճելի երեկո է լինելու: «Շոու ծրագիր չեմ պատրաստել, բայց անակնկալներ շատ են լինելու. հատուկ հյուր ենք ունենալու:) Ներկաները տեղում կիմանան, թե ում մասին է խոսքը: Հուսամ՝ միասին լավ ժամանակ կանցկացնենք, սիրով կսպասեմ բոլորին»,- հավելեց նա:

Քրիստինեն առաջիկայում այլ նորություններ է խոստանում, որոնց մասին ESem.am-ի ընթերցողներն անպայման կիմանան:)

 

Ներկայացրեց Մերի Պողոսյանը