British Fashion Awards 2013-ի արդյունքները Բրիտանական նորաձևության խորհուրդը կամփոփի դեկտեմբերի 2-ին։ Մրցում են, ինչպես միշտ, միայն ամենահայտնի անունները, հայտնում է buro247.ru-ն։

Կանացի հագուստի լավագույն դիզայներ կարող են ճանաչվել Ֆիբի Ֆայլոն (Céline), Սառա Բերտոնը (Alexander McQueen) կամ Քրիստոֆեր Քեյնը։

Թոմ Ֆորդը, Քրիստոֆեր Բեյլին (Burberry) և Քիմ Ջոնսը (Louis Vuitton) մրցում են տղամարդու հագուստի լավագույն դիզայներ տիտղոսի համար։

Իսկ աքսեսուարների լավագույն դիզայներ կոչմանն արժանանալու համար մրցակցում են Անյա Հինդմարչը, Շառլոտ Օլիմպիան և Նիկոլաս Քիրքվուդը։

«Տարվա միջազգային դիզայներ» անվանակարգն այս տարի հայտարարվում է առաջին անգամ։ Հնարավոր հաղթողների թվում են Մարկ Ջեյքոբսը, Միուչա Պրադան և Ռաֆ Սիմոնսը՝ Dior-ից։

«Լավագույն բրենդ» կոչման համար կմրցեն Alexander McQueen, Burberry և Victoria Beckham ընկերությունները։ Ի դեպ, Բեքհեմը հավակնում է նաև Red Carpet Award մրցանակին։ Մրցանակը շնորհվում է բրիտանացի այն դիզայներին, որը հատուկ հետաքրքրություն է առաջացրել մեդիայում։

«Տարվա մոդել» անվանակարգի թեկնածուների թվում են Կառա Դելևինը, Էդի Քեմփբելը և Սեմ Ռոլինսոնը։

Ժյուրիին բարդ ընտրություն է սպասվում։