ԱՄՆ-ում պատմական տեսարժան վայր է հայտարարվել Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի պատանեկության տունը Լոս Ալտոսում, հայտնում է San Jose Mercury News-ը:
Այդ քաղաքի համապատասխան հանձնաժողովի անդամները որոշումն ընդունել են միաձայն: Դրա գնահատման համար հատուկ հետազոտություն է արվել: Տան տիրուհին Ջոբսի քույրն է' Պատրիսիան: Նրա խնդրանքով վերջնական գնահատականի մեջ որոշ փոփոխություններ են արվել:
Նշվում է, որ տան տերերի կարծիքը նման դեպքերում հաշվի չի առնվում, իսկ պատմական վայրի կարգավիճակը քաղաքի իշխանություններին թույլ է տալիս միջամտել, եթե տան տերերը ցանկանան փոփոխություններ անել տան մեջ:
Ջոբսի ընտանիքը Քրայսթ Դրայվ 2066 հասցեի այդ տուն է փոխադրվել այն ժամանակ, երբ Ջոբսը 7-րդ դասարանում էր: Լոս Ալտոսի այդ տանից է սկսվել նաև Apple-ի պատմությունը. 1976-ին Ջոբսն ու Սթիվ Վոզնյակը այստեղ են հավաքել Apple I-ի առաջին 50 համակարգիչները: