Երգչուհի Սիլվա Հակոբյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց ամուսնության, տղամարդու իր իդեալի, առաջիկա ծրագրերի, նախասիրությունների և շատ այլնի մասին:

 

-Ասում են՝ ամուսնացել և մշտական բնակություն եք հաստատել ԱՄՆ-ում: Ճի՞շտ է:

-Մենք որոշեցինք մի փոքր կատակել: Ինտերնետում տեղադրեցինք իմ հարսանեկան զգեստով լուսանկարը և մակագրեցինք ' «շուտով»: Այնուհետև սոցցանցում տեղադրեցի մի լուսանկար, որում ցուցադրում էի իմ մատանին: Դրանից հետո ոչ միայն հանրության մեջ տարածվեց կարծիք, թե ես ամուսնացել եմ, այլև ինձ շատ մոտ մարդիկ անընդհատ զանգահարում և շնորհավորում էին: Սակայն դա ընդամենը իմ «Նորահարսիկ» տեսահոլովակից մի դրվագ էր: Չեմ ամուսնացել և ԱՄՆ չեմ պատրաստվում տեղափոխվել:

 

-Ո՞րն է ամենաանհավանական բամբասանքը, որ երբևէ լսել եք ձեր մասին:

-Իմ «Գիշեր» տեսահոլովակի թողարկումից հետո լուրեր տարածվեցին, թե ես ֆիզիկական արատ ունեմ, դրա համար տեսահոլովակում նստած եմ, և ևս մեկ տարօրինակ ասեկոս կապված ամերիկյան ԲիԲիՍի հեռուստաընկերության կողմից անցկացվող մրցույթի մասին, որին ես մասնակցեցի ու ստացա «Գրան պրի» մրցանակ: Բամբասանք տարածվեց, թե իմ հայրն է այդ մարցանակը գնել ինձ համար:

 

-Անձնական կյանքում փոփոխություններ սպասվու՞մ են մոտ ապագայում: Ընտրյալ ունե՞ք:

-Ընտրյալ չունեմ. մի փոքր անհավանական կթվա, բայց երբեք ոչ մեկի չեմ սիրել: Իմ կյանքում ամեն ինչ ձգձգվում է, բայց երբեք չի ուշանում: Դա այն հարցն է, որ մեզնից կախված չէ: Այս դեպքում ես հույս Աստծո վրա եմ դնում:

 

-Ո՞րն տղամարդու Ձեր իդեալը:

-Ես առանձնապես չեմ կարևորում մարդու արտաքինը: Ինձ համար կարևորը նրա մարդ տեսակն է: Հաճախ է պատահում, որ ոչ այնքան բարետես տղամարդը կարող է ներքուստ շատ հարուստ լինել, որը խամրեցնում է նրա արտաքին որոշ թերություններ:

 

-Պատրա՞ստ եք հանուն ընտանիքի թողնել աշխատանքը:

-Ընտանիքն ինձ համար ամենակարևոր բանն է այս կյանքում, և եթե օրերից մեկ օր ընտրության առջև կանգնած լինեմ, առանց երկար-բարակ մտածելու կընտրեմ իմ ընտանիքը:

 

-Սովորաբար պարային կատարումների հիման վրա նկարահանված տեսահոլովակներ եք ներկայացնում: Միայն այդ ո՞ճն է Ձեզ հոգեհարազատ:

- Կգա մի ժամանակ, որ ես կկարողանամ իմ հանդիսատեսնի ներկայանալ և ռոք, և ջազ ոճերում և դա ոչ թե այն պատճառով, որ ցանկանում եմ անընդհատ փոփոխվել, այլ ապացուցել, որ այդ ոճերում ևս կարող եմ երգել և դա ինձ մոտ բավականին լավ է ստացվում:

 

-Երբևէ առաջարկ ստացե՞լ եք խաղալ սերիալներում կամ գեղարվեստական ֆիլմում:

-Բեմի մարդկանց համար կարևոր է ոչ միայն լավ երգելը, այլև կարողանալ բեմական կեցվածք ու միմիկա դրսևորելը: Երգչուհին պետք է որոշ չափով դերասանուհի լինի, որպեսզի կարողանա հանդիսատեսին լիարժեք ներկայանալ: Եղել են առաջարկներ ֆիլմերում նկարահանվելու համար, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է իր գործով զբաղվի, իմ պարագայում' դա երգելն է:

 

-Շատ երգիչներ այսօր գումար են վաստակում ռեստորանում աշխատելու միջոցով: Իսկ Դո՞ւք:

-Երբեմն հրավերներ ունենում եմ միջոցառումներում երգելու համար, սակայն չեմ մտածում աշխատել ռեստորանում: Այսօր բոլոր երգիչ-երգչուհիները իրենց երգացանկում ունենում են երգեր, որոնք նախատեսված են հարսանիքների ու կորպորատիվ միջոցառումների համար: Իմ երգացանկում ևս դրանց թիվը քիչ չէ և անհրաժեշտության դեպքում ես մեծ հաճույքով երգում եմ և հարսանիքների, և ծնունդների ժամանակ:

 

-Հաճախ հայտնի մարդիկ մերկանում են տեսախցիկի առջև մեծ ճանաչման հասնելու համար: Անհրաժեշտության դեպքում երբևէ՞ կմերկանաս հանդիսատեսի առջև:

-Իմ էությամբ ես այդպիսին չեմ: Հանդիսատեսն ինձ ընդունել է այսպիսին, ինչպիսին, որ ես եմ հիմա ներկայանում: Ոչ սկզբում, ոչ էլ առավել ևս հիմա չեմ պատրաստվում մերկանալ և դրանով գումար վաստակել կամ հանդիսատես գրավել: Ես ուզում եմ լինել ոչ թե ցանկալի, այլ սիրված երգչուհի: Իսկ դա այսօր այդպես է:

 

-Համաշխարհային ճանաչում ունեցող որ՞ աստղերի հետ կցանկանայիք երգել:

-Երազում եմ դուետով հանդես գալ Շառլ Ազնավուրի հետ և Բիոնսեի հետ:

 

-Սիրու՞մ եք կարդալ: Կհիշե՞ք ձեր կարդացած վերջին գիրքը:

-Իմ զբաղվածությունը ինձ թույլ չի տալիս հաճախ ընթերցել, բայց վերջերս մի գիրք եմ գնել կոչվում է «Հարսնացուի հանրագիտարան» մեծ բավականությամբ ընթերցում եմ:

 

-Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում լսել:

-Սիրում եմ լսել ամեն ինչ' կախված է տրամադրությունից: Սիրում եմ հայկական երաժշտություն, փոփ, ռոք, ջազ:

 

-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում և ինչո՞վ եք հիմա զբաղված:

-Տարին ինձ մոտ բավականին հագեցած է սկսվել և այդպես էլ շարունակվում է: Շուտով թողարկվելու է երկու նոր տեսահոլովակ' «Նորահարսիկ» և «Move with me»: Առաջին տեսահոլովակի բառերը գրել է քույրս' Մանե Հակոբյանը, գործիքավորումը կատարել' եղբայրս: Իսկ «Move with me» երգը ստեղծվել է ֆրանսիահայ դիջեյ DeeJero-ի հետ համագործակցության շնորհիվ: Բացի այդ մի քանի օրից պատրաստվում եմ համերգային ծրագրով մեկնել Ավստրալիա: